— Շուտ, հավաքվեցեք գնանք․․․ ահա զուլումները․․․
Բոշաները բնազդմամբ վեր թռան, վազեցին դեպի էշերը, մոտ բերին, ուզեցին բառնալ, բայց ուշ էր. պաշտոնյաները ձիերը տված զափթիեներին, երկար սրեր աջ ձեռքով բռնած, առաջ էին գալիս։
— Հը՜,— ծիծաղեց պոլսեցի աստիճանավորը,— այդ ի՞նչ է, վախեցա՞ք. ինչո՞ւ, մենք քո՞ւրդ ենք. խո ձեզ չե՞նք ուտելու։ Նստեք, նստեք, հանգիստ եղեք, մենք էլ ձեզ մոտ քիչ կնստենք, քիչ կխոսենք՝ կերթանք․․․
Եվ այղ ասելով նա՝ ժպիտը երեսին մի առ մի մոտ էր գնում բոլորին ու զննում։ Երբ հասավ մատաղահաս կնոջը, երկար կանգ առավ նրա առաջ։ Գնչուհու ցանկալի, կրակոտ գեղեցկությունը լիովին գրավեց նրան։ Նայեց մյուսներին էլ, բայց եկավ նորից կանգ առավ գնչուհու մոտ։
— Սա որի՞ աղջիկն է,— ասաց։
— Իմ կինն է,— առաջ եկավ ուստա Հարությունը։
— Քո կի՞նը․․․— գոչեց արհամարհությամբ աստիճանավորը, հետո սիրալիր ժպիտը երեսին դարձավ գնչուհուն և հարցրեց.
— Դու էլ գուշակել գիտե՞ս, սիրուն գնչուհի։
— Ո՛չ,— ասաց գնչուհին խստությամբ և դեմքը դարձրեց։
— Ինչո՞ւ ես բարկանում, որ գուշակես ինձ համար, քեզ մի ոսկի կտամ․․․ ապա, արի այստեղ, մեզ մոտ։
Եվ քայլեց բեյի ընտրած տեղը, որ քիչ հեռու էր բոշաներից։
Գնչուհին չշարժվեց, նայեց ամուսնուն, մյուսներիս ու գլխավորին, որոնք բոլորն էլ գունաթափ՝ գուշակում էին, թե ինչ էր լինելու
— Հը՞,— չլսեցի՞ր էֆենդու հրամանը,— ձայներ բեյը, հասկանալով ընկերի մտադրությունը,— շուտ մոտ արի, չինգենե, արի մեզ համար գուշակիր։
— Ես գուշակել չգիտեմ։
— Գիտես կամ ոչ,— գոռաց բեյը բարկությամբ,— ես Վեզիրքյոփրուի կայմակամն եմ և չեմ սիրում, որ իմ հրամաններս չկատարվին, իսկ սա սուլթանի ազգականներից է․․․ դեհ, արի մոտ, տեսնենք։
Զափթիեները, որոնք ձիերը կապել էին մի ծառի, ժպիտը դեմքներին՝ հեռվից դիտում էին իրենց գլխավորների արածները և հասկացել նրանց մտադրությունը։
Երիտասարդ գնչուհին վախեցած՝ նորից նայեց յուր ամուսնուն, որ կծկվել էր մի կողմ և գլուխը խոնարհեցրել, նայեց գլխավորին, որ այլայլված ու շվարած՝ դողում էր։ Հետո, երբ տեսավ, որ ոչ մի պաշտպանություն չէր լինելու նրանցից, դարձավ թուրքերին և ասաց․