— Ես՝ ինձ անպատվողից վրեժ կառնեմ, — ասաց Մարգոն։
— Է՜հ-Է՜հ,— գլուխը թափահարեց աթոռակալը խելոք չես խոսում, Մարգո, քեզ անպատվողը այժմ ո՞վ գիտե Ստամբոլում ինչ քեֆեր է անում պալատի մեջ, մեծ-մեծ փաշաների հետ…
Մարգոն ոչինչ չպատասխանեց, խոնարհեց գլուխը և մնաց այնպես։ Աթոռակալը ոտքի ելավ։
— Ի՞նչ որ է,— ասաց նա, — մխիթարվիր, Մարգո, ափսոս ես. դու էլ ափսոս ես, երեխաներդ էլ մեղք են։
Եվ երբ կամենում էր հեռանալ, Մարգոն հանկարծ գլուխը բարձրացրեց և ասաց.
— Գետին մտնի Արթենը… այնքան ասում եմ, որ Ստամբոլ գնանք, ինձ չի լսում։
— Ի՞նչ,– զարմացած կանգ առավ աթոռակալը,— Ատամբո՞լ գնաք, ինչո՞ւ, կնիկ։
— Որ վրեժ առնեմ…— ասաց համառությամբ և վճռականորեն Մարգոն։ Աթոռակալը ոչինչ չկարողացավ ասել, երբեք չէր կարծում, թե գնչուհին այդքան հեռու կտաներ վրեժխնդրության ծարավը։
— Գետինն անցնի Արթենը, – շարունակեց Մարգոն, – փոխանակ ինքն էլ վրեժխնդրություն ցանկալու, ծիծաղում է ինձ վրա. ասում է, թե «ինչ եղավ, եղավ, մոռացիր…»։ Կարելի՞ է մոռանալ, հոգուս հետ էլ չի դուրս գա այդ անպատվությունը, օջախս մուռտառվեց, գետինն անցնի Արթենը, լոմ խո չի, պսու է, պսու…
— Հա, ի՞նչ ծածկեմ քեզնից, Մարգո,— ասաց աթոռակալը տխրությամբ,— մարդդ վերջերս ինչ֊որ շատ է ծռվել, լոմությունը մոռացել է, պսոլի նման է եղել, լոմ լինելուց անգամ կարծես ամաչում է. պսու մեծերի մոտ է քարշ գալիս, ու մարդ զզվում է, երբ տեսնում է այդ, չի էլ հասկացվում, թե ինչպե՞ս է կայմակամի մոտ մտել, դու չգիտե՞ս, Մարգո…
Մարգոն առաջին վայրկյանին շփոթվեց, հետո դեմքը մի կողմ դարձրեց ու ասաց.
— Չգիտեմ, Արթենը ճարպիկ մարդ է։
— Ասա քծնող է, ոտք լիզող, սիրելի դառնալու համար ամեն բան հանձն առնող,— գոչեց աթոռակալը խստությամբ,— Արթենն ո՞վ է, որ ճարպկություն ունենա և կամ կայմակամը լոմի ե՞րբ կսիրե, եթե նրանից շահ չունենա, մանավանդ այդ շուն քյաթիրբը… Այդտեղից մի ինչ֊որ վատ հոտ է գալիս, Մարգո… մարդդ լոմերի համար կասկածելի։