լի է եղել, ասեմ քեզ համարձակ, լոմերը բարկացած են, խուլ գանգատ կա նրա ընթացքի դեմ…
— Հարությունը գիտե այդ։
— Գիտե՞ և ի՞նչ է ասում։
— Արհամարհում է, ծիծաղում…
Աթոռակալը դեմքը կնճոեց մտախոհ.
— Ա՜ ,— ասաց նա,— մի լոմ շատ մեծ քաջություն ու թիկունք պիտի ունենա, որ անպատիժ կերպով կարողանա ազգակիցներին արհամարհել… Այստեղ մի բան կա. երևի կայմակամը նրան թիկունք է տվել, երևի Հարությունդ լոմերին մատնում է…
— Վարպետ…— գոչեց Մարգոն գունատ և զայրացած։
— Մի նեղանալ, Մարդո, աստված գիտե, որ Արթենը քո մի եղունգը արժե, բայց ինքդ տեսնում ես, թե ինչ դիրք է բռնել նա դեպի յուր ազգակիցները…
— Նա իմ ամուսինն է,— ասաց Մարգոն։
— Գիտեմ, գիտեմ… է՜հ, եթե այդպես չլիներ… ինչ որ է, մնաս բարև, մի քիչ խրատիր Հարությունին. թող պսուների ձեռքին գործիք չդառնա, թե չէ իրա համար վատ կլինի…
Ասաց աթոռակալը և ծանր քայլերով հեռացավ։
Մարգոն պահ մի նայեց նրա ետևից, հետո երկար, տխուր ու խորհուն՝ գլուխը խոնարհած մնաց և, երբ ծովի կողմից եկող ցուրտը սաստկանում էր, ելավ ու տուն մտավ։
Փոքրիկ օջախը վառվում էր, և նրա առաջ մանուկները թավալելով գետնի վրա՝ խաղում էին և զվարթագին ճիչեր արձակում Մարգոն նստավ յուր գործիքի վրա և սկսեց գործել։ Այդ միջոցին էլ Արթենը ներս մտավ։
Կարճահասակ, արևակեզ, գրեթե սև դեմքով ու խորշոմուտ ճակատով անձ էր ուստա Հարությունը։ Փայլուն, շարժուն ու անհանգիստ աչքերը անընդհատ թափառում էին, վայրկենապես արտահայտությունը փոխում և ամեն բան կասկածանոք զննում։ Հագել էր լայն շալվար, կարճ բաճկոն, մեջքին՝ շալ և գլխին՝ յազմաներով ֆես։ Վրան առել էր մի պարսկական հնամաշ աբա, որի մեջ նա խնամքով փաթաթվում էր երբ դուրս էր գնում։ Երբ ներս մտավ, զննող հայացքով դիտեց կնոջը։ Մարգոն և ոչ իսկ դարձավ։
— Անոթի իմ,— ասաց Արթենը գնալով դեպի յուր մազերի անկյունը,— բան չկա՞ ուտելու։