Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ բազմությունը հետզհետե ստվարանում էր։ Աթոռակալը տեսավ, որ կարող էր ժողովը վատ հետևանք ունենալ, ելավ կանգնեց, խնդրեց լռել և ասաց.

— Ցրվեցեք, որդիք, տներդ գնացեք, մինչև տեսնենք ինչ կլինի, այստեղ ժողովվիլը լավ չէ, կարող է մի փորձանք հառաջացնել։

Եվ երբ տուն էր ուզում մտնել, մի բան հիշեց, կանգ առավ, դարձավ և հարցրեց.

— Ո՞ւր է ուստա Արթենը, այստե՞ղ էր։

— Այստեղ էր,— ասաց մեկը,– բայց մի քիչ առաջ անհետացավ։

— Է, պրծավ…– ժպտաց դառնությամբ ծերունին,- քիչ հետո կայմակամը, քյաթիբը ամեն ինչ կիմանան, այն պսուն հիմա այնտեղ է և պատմում է…

Եվ իրավ, Արթենը, որ սկզբից եկել և ուշադրությամբ լսում էր ամեն ինչ, երբ տեսավ ժողովրդի տրամադրությունը վերընտրելու Մովսեսին՝ վազնիվազ գնաց քյաթիբի մոտ և պատմեց բոլորը։

Քյաթիբը այլայլվեց բարկությունից. բռունցքով գլխի ֆեսը խփեց ու ճակատի վրա բերեց, հետո վեր թռավ տեղից ու ոռնաց.

— Ի՜նչ, այդ «չինգենեները» համարձակվում են ժողովնե՞ր կազմել, ապստամբե՞լ… ես հյուսնի չլինեմ, եթե վազն ևեթ այդ քյավթառին բանտ չնստեցնեմ։

Արթենը յոթերորդ երկնքում էր. ուրախ վերադարձավ տուն։

Բոշաների թաղերում դեռ հուզումը շարունակվում էր։ Խումբ առ խումբ երիտասարդները հավաքվել էին փողոցների մեջտեղ. կանայք դռների առաջ վիճում էին օրվա դեպքերի վրա, և երբ Արթենը անցնում էր, բոլորը մեկեն լռում էին, կատաղի ակնարկներ նետում դեպի նա և ետևից մռմռում.

— Սոլավ պսու…

Ամենքը կարծես զգում էին, որ Արթենի գործն է եղածը և կամ նրա մատը խառն է դրանում։

Մի փողոցից էլ երբ անցնում էր, լսեց, որ մի կին ասում էր յուր ամուսնուն.

— Այդ շանը տեսնո՞ւմ ես. բոլորը դրա գործն է. ի՞նչ տղամարդ եք, որ չեք ՛կարողանում սատկացնել դրան…

Արթենը դողաց և սաստիկ վախեցած՝ շտապեց փախչել։ ճանաչում էր յուր ազդի վրեժխնդրական ոգին, որ թեև ուշ է զարթնում, բայց երբ զարթնում է, սաստիկ սոսկալի է լինում. գրգռում է կնոջը նույնիսկ՝ դավաճան ամուսնու, որդուն՝ մատնիչ հոր դեմ…

Փախավ տուն մտավ։ Մարգոն դռան առաջն էր, և մի քանի դրացի