Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանանց հետ խոսում էին։ Երբ Արթենը ներս մտավ, կանայք ելան, միմյանց երեսի նայեցին ու կամեցան հեռանալ։

— Ո՞ւր եք գնում, աղջի,— ասաց Մարգոն,— խոսում ենք, մարդս ի՞նչ է խանգարում։

— Չէ Մարգո,— դժվարացավ մեկը,— գնանք, ուշ է։

— Ո՞ւշ, ի՞նչ եք ասում, դեռ արևը նոր է մայր մտնում, կացեք քիչ էլ խոսենք։

Հետո հանկարծ նկատեց կանանց կասկածավոր հայացքները, որ ուղղվում էին դեպի տան դուռը։ Գունատվեց։

— Ի՜նչ,— գոչեց նա դողդոջուն,— վախենում եք, որ…

— Գիտե՞ս ինչ, Մարգո,— ասաց ցած ձայնով մի կին,– կասկածում ենք, որ մարդդ բոլոր մեր մեջ եղածներն ու խոսացածները իմաց է տալիս պսուներին․․․

Ասում են, որ անցյալ օրվա Մարտոյի հարսի տեղն էլ նա է ցույց տվել զափթիեներին․․․ Հազիվ թե այդ ասել էր, որ Մարգոն ցատկեց դեպի նա բուռները սեղմած և գոչեց․

— Ինչ ասացի՞ր, սևավոր, համարձակվում ես մարդուս հայհոյե՞լ․․․

— Յամա՜ն,— աղաչեց մյուս կինը,— ձայն մի հանիլ, ի սեր աստծո մարդդ որ լսի, մեր տունը կքանդվի, ասում են այժմ կանանց բանտ էլ են շինել…

— Բայց դուք հիմար եք, աղջի,— ծիծաղեց ակամա ծիծաղով Մարգոն,— իմ մարդս այդքան չէ ընկել, ոչ… այ, սպասեցեք, ես այս րոպեիս կկանչեմ իրան այստեղ և կտեսնեք, որ ձեր կասկածները լիովին սուտ են։ Կանայք շարժվեցին հեռանալու։

— Չգնաք,— սպառնաց Մարգոն խիստ բարկությամբ,— ի՞նչ, ամբաստանել դիտե՞ք. սպասեցեք, որ բսլորիդ երեսին թքեմ․․․ ի՞նչ, իմ մարդս թուրքերի՞ն տանի մեր կանանց, մատնիչ լինի…

Եվ սաստիկ հուզված՝ դարձավ դեպի դուռն ու անբնական խռպոտ ձայնով կանչեց ամուսնուն։

Մի վայրկյան խոր, սոսկալի լռություն տիրեց, հետո դռան միջիջ երևաց Արթենի մեռելային դեմքը։

— Ի՞նչ է եղել, կնիկ,– ասաց նա նեղացած,— ինչո՞ւ ինձ հանգիստ չես թողնում։

Դրացի կանայք սարսափահար լինելիքից՝ ետ էին քաշվել։ Մարգոն մի ոստյունով թռավ դեպի ամուսինը, ուժգնությամբ բռնեց նրա թևից և բուռն շարժմամբ թրև տալով նրան դեպի դուրս, ասաց.

— Խոսիր, մարդ, արդարացիր, գիտե՞ս ինչեր են ասում սրանք, բոլոր լոմերը, ամբողջ աշխարհը․․․ Ասում են, որ դու պսուների լրտես ես, որ դու այդ բոլորից հետո, անցյալ երեկո էլ Մարտոյի հարսին քարշ ես տվել պսուների համար․․․ Խոսիր, արդարացիր, թքիր դրանց երեսին․․․