իսկ Մարգոն վազում էր, վազում փողոցներով առանց կանգ աոնելու և գոռում էր անընդհատ ու խռպոտ.
— Մաքրվեց, մաքրվեց…
Կեսգիշերին նորից բախվեց Զիլե ավանի բոշա Թորոսի տան դուռը։
Ծերունին ճրագը ձեռին՝ դուրս եկավ։ Դռան վրա կանգնած էր Մարգոն։
— Այդ դո՞ւ ես, Մարգո։
— Ես եմ, հայր, իմ օջախը, որդիներիս օջախը մաքրվեց․ պսուդարձած, իր եղբայրներին դավող ու մատնող ամուսնուս սպանեցի… լավ չարի՞, բաբ…
Ծերունին ցնցվեց և հուզված ձայնով ասաց.
— Աստված թող ներե քեզ, աղջիկս… լավ արիր…
Ու նստեց։
— Սպասիր, հայր, ես դեռ ներս չեմ մտնի, քո օջախը պղծողը դեռ կենդանի է. ես գնում եմ դեպի նա, լավ չե՞մ անում, բաբ…
Ծերունին գլուխը բարձրացրեց և ասաց.
— Լավ ես անում, աղջիկս, աստված քեզ հետ, գնա…
Հետո ելավ, գրկեց աղջկան, համբուրեց ու հարցրեց.
— Չե՞ս ուզում որդիներիդ տեսնել։
— Դեռ ոչ, բաբ,— ցնցեց գլուխը Մարգոն,— երբ այս տան օջախի պատիվը վերականգնեմ, այն ժամանակ կգամ, կմտնեմ այստեղ և որդիներիս մոտ կմեռնեմ հանգիստ։
— Քեզ կսպասեմ, որ օրհնեմ,— ասաց հայրը և ձեռքերը դրավ աղջկա գլխին։
Այն ժամանակ գնչուհին չոքեց պահ մի, համբուրեց հոր ոտները—ելավ, առավ հոր ցուպը, մի անգամ էլ ներսում վառվող ճրագի լույսով տան օջախին, նրա կողքին քնող որդիներին նայեց և արագությամբ հանելով մթության մեջ՝ անհետացավ…
- * *
Այդ դյուցազներգությունը մի առանձին հիացումով է, որ պատմվում է լոմերի մեջ։ Մարգոն երգում է, դրվատվում, իսկ թե ի՞նչ եղավ նա–ավանդությունը ոչինչ չէր ասում։
Նման շատ այլ հերոսների, Մարգոյի վերջն էլ ծածկված էր մի տեսակ պատկառելի, բարձր խորհրդավորության մեջ։
— Նա չէ մեռել,— կասի քեզ երգիչը։
— Նա անմահ է,— կպնդե ժողովուրդը։