ԽԱԹ—ՍԱԲԱ
1
Զանզաղ գյուղից մի քանի ժամ հեռավորությամբ, Զիվինի լեռների մեջ, գտնվում է մի հրաշալի սարահարթ, որին կտրելով գալարվում է Զանզաղի վտակը, ցատկոտում լերկ ժայռերի վրայից, սողում է ապառաժների բացվածքների միջից, փրփուրովը ծածկում լեռնադաշտը պատող գիներբուկների շերտը և գնում գահավիժում Զանզաղի հովիտը, ուր նա ոռոգում է պարարտ, ծաղկալից դաշտեր։
Այնտեղ-բարձրում սարահարթը մի ծայրով միանում է բլրակների, որոնք ծածկված են երփներանգ ծաղիկներով և որոնք թիկն են տվել ավելի բարձր, լերկ ժայռերով, հարուստ և խոր ծործորներով ակոսված լեռների։ Նրանց ետևից, Զիվինի լեռնաշղթան, տեղ-տեղ դուրս է պարզում իր ձյունապատ բարձր կատարները։
Սարահարթի մյուս ծայրը գալիս հանգում է դեպի ձորակը և այդտեղ կազմում մի ահեղ գահավանդ, որտեղից տեսնվում է դեպի ցած նետվող վտակի փրփուրը, իսկ հեռու, ցածում, արծաթափայլ օձապտույտ գետակներ, որոնք միմյանց կտրում սահում են կույտ-կույտ վրանների և բլրակների միջով։
Սարահարթը մեծ չէ, բայց բնությունը իր բոլոր գեղեցկություններով զարդարել է նրան։
Այդտեղ կարելի է տեսնել ապառաժների վայրենի շեղջեր, միմյանց վրա կարծես կռթնեցրած հսկայական ժայռեր… մի կողմում ամպի պես փռված են զանազան բարձրությամբ բլրակներ, որոնք ալեձև գնում են դեպի խորը, բարձրանում դեպի լեռները, հետո նորից դեպի մի կողմ ծռվում և հետզհետե մանրանալով՝ հավասարվում դաշտի հետ:
Մի այլ կողմում երկու ջրվեժներ են, որոնք միացած՝ գոյացնում են ցատկոտող ու շառաչոզ մի առվակ ու ոռոգելու գնում ծաղկալից դաշտեր։
Սարահարթը կոչվում է «Զիվինի տյուզ» հարթավայր։
Շատ քիչ անգամ շրջակա գյուղի կանայք համարձակվում էին, սակայն, մտնել այդ սիրուն լեռնադաշտը՝ առատորեն բուսնող բանջարը ժողովելու։ Հովիվն իսկ դժվարությամբ էր համաձայնում նախիրն այն կողմը քաշել։
Զիվինի հարթավայրը բնակութենե բավական հեռու էր և շատ մատչելի ավազակ քյուրտերին։
Չնայելով դրան, ամառնամուտի մի գեղեցիկ երեկո դաշտից կարելի է