Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Բոշան պատմում էր։

— Հեռու, Արաբների երկրում—ասում էր նա—այնտեղ, ուր արևի մեջ հավկիթն իսկույն եփվում է, ուր մի ընդարձակ ավազի անապատ բռնել է երկրի կեսը, ուր մարդիկ արևից սևացել են և ուր բուսնում արմավն ու ձիթենին — այնտեղ կա մի քաղաք, որից շատ մոտ է անապատը։

Այդ քաղաքում ապրում էր Շեյխ Սատոն, որին ամենքը ճանաչում էին։ Նրա պալատը ոսկու մեջ փայլփլում էր, հյուրիներն ավելի շատ և ավելի գեղեցիկ էին նրա հարեմում, քան իրեն՝ արքայի մոտ. նրա պալատը բռնում էր քաղաքի կեսը, պարտեզների նմանը ոչ մի պարտեզ չկար, և Շեյխը վայելում էր այս աշխարհում այն բոլորը, ինչ խոստացել է մարգարեն միայն մյուս աշխարհում։

Փող ուներ Շեյխը։ Եվ նրա զորությամբ կարողանում էր անել ցանկացածը, վայելել հաճույքներ, որոնցից աստված զրկել էր մեզ և շատ շատերին։

Օրվա ամեն ժամերին լսվում էին Շեյխի շքեղ պալատի աշտարակներից նվագի ձայներ։ Երգում էին ամենից լավ երգիչները․ նրա դռանն էր մոտենամ ամենից առաջ դերվիշը, նրա մոտ գնում իրենց գիտցածը ցույց տալու բանաստեղծներն ու նվագողները։

Շեյխին էին պատկանում նաև անապատի զավակների գեղեցիկները, բոլոր մոլլաների և սեյիդների օրհնությունները և երջանիկ կողմերի լավ արտադրությունները։

Ու վայելում էր Շեյխը անհոգ և զվարթ ամեն ինչ. չգիտեր անգամ, թե իր ծառաները ինչպես քերթում էին խեղճ մարդկանց, կողոպտում նրանց, ծանր հարկերի տակ ճնշում և բերում լցնում գանձարանը։

Թող աշխարհ քանդվեր — միայն թե Շեյխի գանձարանից ոսկին չպակսեր, հարեմից՝ կինը, մառանից՝ գինին, այլև ճաշը զվարճալի դարձնող երաժիշտները…

Շեյխի եկամուտների աղբյուրը քաղաքից քիչ հեռու գտնվող հինգ–վեց գյուղերն էին։

Այդ գյուղերը լիքն էին բազմաթիվ մերկ, կեղտոտ և գժերի պես գյուղացիներով, որոնք օրը մինչև երեկո՝ աշխատում էին։ Նրանց արտերը տալիս էին առատ ցորեն, գետը ողողում էր հողերը ու արմտիքը մեկին 100 էր բերում, սակայն գյուղացիք ուտում էին միայն բանջարեղեն։

Շեյխի մարդիկը խլում էին արմտիքը նրանց ձեռքից և թողնում էին կերակրվելու միայն խոտով։