Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել սարահարթում բարձրացող ծխի սյունակներ և փայլփլող լույսեր։

Այդ օր, հեռու տեղից գալով, մի թափառիկ խումբ իջևանել էր սարահարթի վրա, կանգնեցրել քսանի չափ վրան և ավելի քան հիսուն զանազան տավարներ բաց թողել արածելու բլրակների կանաչներին։

Վրանները կառուցված էին միմյանց մոտ։ Նրանց առջևը, խոտերի մեջ թավալում էին աղտոտ կիսամերկ մանուկներ։ Մի այլ կողմում սև և տգեղադեմ կանայք կրակ վառել կերակուր էին պատրաստում, իսկ նորածագ լուսնի աղոտ լույսի տակ, վտակի եզերքին թիկն տվել, մեջքի վրա մեկնվել և կամ նստոտել էին 10—15 զանազան հասակի տղամարդիկ։

Ամենքն էլ հագնված էին շատ աղքատ, գրեթե ցնցոտիներով։ Դեմքերը սև, ոտերը գրեթե բոբիկ։ Ոչ մեկը առանց կարկատանի վերարկու, կանոնավոր կոշիկ կամ գլխարկ չուներ։ Մազերնին էլ խռիվ՝ տեղացած գլխների վրա, մորուքները թանձր ու կոշտ և խանձված մազի նման։ Նույնիսկ կանայք հեռվում՝ բոբիկ էին, անլվա, երկար մազերով և կիսամերկ։

Բոշաների մի խումբ էր այդ, որ թորթումից ելած, ճանապարհորդության տասներորդ գիշերը անցկացնելու էր եկել Զինվինի հարթավայրի վրա ու մի քանի օր էլ հանգիստ առնելու այնտեղ։

Խմբի բոլոր տղամարդիկ չկային այդ օր։ Կեսի չափ ետ էին մնացել զանազան կողմերում և կամ պահպանության ելել շրջակայքերում։

Այն լանջը, ուր հավաքվել էին տղամարդիկ, նայում էր դեպի դաշտը։ Վտակը գալիս շոշափում էր նրա կողն ու լուսնի տակ փայլփլում՝ ստնում էր դեպի խորքերը։

Մի քանի քայլ հեռու, մի տղամարդ, հերթապահ հսկողը, հենվել էր հրացանին և լուռ՝ լսում։ Ոտների մոտ, թաթերի վրա մռութը դրել ականջները սրած ու պլշած, աչքերով շուրջը դիտող—նստել էր մի ահագին գամփռ։

Մյուս տղամարդիկ էլ ականջ էին դնում հաղթանդամ ու կոշտ գծագրությամբ հասակավոր պատմողին։

Ու պատմիչը ոգևորված, ցուպովը օդն էր բախում, ջուրը ճղփացնում և երբեմն էլ դեպի օդը թռցնում արմատախիլ արած խոտերի փնջեր։

Մի զով քամի շարժում էր խոտերի և ծաղիկների ծայրերը, օրորում էր պատմողի թանձր մազերն ու գնում էր սփռվում դեպի լեոները։