լավ մտածել: Թող իմանա Հասանը, որ Էլ-Մուինը իր կյանքը նվիրել է նրան, ինչպես և ունեցածը։ բայց նա չի կարող ծածկել և չասել քեզ ճշմարտությունը։ Իրավունք ունին այս ծերունիները: Քո մայրը՝ Օդիշուն, բոշայի աղջիկ էր, և դու բոշա ես, իմ որդեգիր թոռը… Այս ծերունիները քո ցեղիդ իշխաններն են։
Հասանը ամեն ինչ երբ հասկացավ, գլուխը կախեց և սկսեց երկար մտածել։
Ամենքը լուռ էին։ Ամենքն էլ մտածում էին։
Եվ ահա հանկարծ իմաստությունը խոսեց Հասանի մեջ։
Նա ոտքի ելավ, մոտեցավ ծերունիներին և ասաց.
— Իմ ազգը ինձ պետք ունի երևի։ Գնանք, ծերունիներ, ես պատրաստ եմ։
Ապա մոտ գնաց ծերունի Էլ-Մուինին և համբուրեց նրա ձեոքը: Էլ-Մուինը հուզմամբ գրկեց երիտասարդին, օրհնեց և ասաց.
— Գնա, որդյակ, Էլ-Մուինը հանուն աստուծո օրհնում է քեզ իր իմաստուն որդուն, և բաց է անում իր գանձը նրա առջև…
Այնուհետև լոմ–Հասանը եկավ իր ցեղակիցների մոտ, և երկու օրից հետո բոշաները նրա առաջնորդությամբ անցնում էին օսմանցոց երկիրը…
Ու հրամայեց Հասանը, որ այնուհետև իրեն լոմ-Հասան միայն կոչեն։
Լոմ-Հասանը իմաստուն էր բոլոր իմաստունների չափ, քաջ էր, որպես Ռուստեմզալը. ազնիվ, բարի և անվախ։
Օսմանցու հողի մեջ բոշաները հանդիպեցին իրենց ցեղակիցներին։ Լոմ-Հասանը բարեկամացավ մի զորեղ ցեղապետի և ամուսնացավ նրա Սաբա աղջկա հետ։
Սաբան նույնքան քաջ էր, որքան իր ամուսինը. Նույնքան անվախ ու համարձակ, կրակոտ և վառվռուն։
Սաբան իր ամուսնու նեցուկն էր, նրա ընկերն ու օգնականը… Լոմ Հասանը սիրեց նրան, տվավ նրան իր իմաստությունը և ուզեց, որ իր մահվանից հետո նա լիներ ցեղապետը։
Ու Սաբային ցեղը սկսեց Խաթ-Սաբա (տիկին Սաբա) կոչել, լոմ–Հասանից հետո»…
Այստեղ հանկարծ պատմիչը կանգ առավ, որովհետև խոտերը բուռն կերպով խշխշացին, գամփռը ոստնեց, և լսվեց մի խռպոտ, ահեղ ձայն, որ ասում էր.
— Այդ ո՞վ է նորից, որ մարդուս անունը իր բերանն է առել…