4
Բոշաները բոլորը վեր թռան. պատմությունը կիսատ մնաց, իսկ խոտերի միջից ելնելով՝ նրանց առաջ հայտնվեց մի երկարահասակ խոշոր կին, ձեռքին ահագին ցուպ, մեջքին կապած գոտու մեջ էլ ատրճանակներ ու դաշույն։
Պառավ, բայց խիստ առույգ կազմվածքով և միականի կին էր այն։ Գեղեցիկ եղել էր և այժմ տգեղ չէր, միայն շատ արևակեզ, խորշոմուտ ճակատով և, կոշտացած գծագրությունով։
Միակ մեծ աչքը այնպես փայլում էր, որ նայողին գող էր ազդում։ Երկար հասակը քիչ ծռվել էր։ Ձայնը խռպոտ էր և առնական, սոթտած բազուկները ջլապինդ, ձեռքերը կոշտ ու սեղմ, լայն կուրծքը խոշոր, թիկունքը, ջղուտ և ամրապինդ։
Մի քայլ առաջ եկավ նա, զննեց բոշաներին, մեծ ցուպը ուսի վրա դրավ, ոտովը դեն շպրտեց քծնող գամփռին և ասաց.
— Երևի Մուրատն էր նորից։ Սիրում է նա հին վերքերը փորփրել, հին առյուծների պատկերները կենդանացնել: Լավ է այդ, շատ լավ է, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։
Ասաց, նայեց պահ մի դեպի վրանները և քիչ լռելուց հետո շարունակեց.
— Դաշտիցն եմ գալիս։ Նոր լուր եմ բերում։
— Զգուշացիր այս կողմերում, Խաթ-Սաբա, խոսեց մի ծեքունի.
Զիվինի շուրջը լիքն է ավազակ քյուրդերով։
— Թող խրատդ, ծերունի,— նեղացավ պառավը և նստեց մի քարի վրա.– Խաթ-Սաբային ոչ ոք չի դիպչել։ Ցնցոտի են նրա հագուստները, գրպան չունին, իսկ. ինքն էլ չափազանց ծեր է և տգեղ։
— Ինչ լուրեր են բերածներդ,— հարցրեց մեկը։
Խաթ-Սաբայի դեմքը մթագնեց։ Անհանգստությամբ շուրջը նայեց և խուլ ձայնով ասաց.
— Դաշտը լիքն է զինվորներով։ Զանզաղի մեջ վրան խփել նստել են հարկահաններ։ Հասան-Ղալայի բեգը փողի պետք ունի և ավարի է ուղարկել մի մեծ խումբ գիշատիչների… Օհ, հավաքում են նրանք հարկ և պիտի տեսնել, թե ինչպես սուգն ու շիվանը բռնել է ամեն տեղ։ Գյուղացիները գյուղը թողել՝ սարերն են փախչում… Զինվորները ձեռքն ընկածը յուրացնում են կամ ավերում… Զանզաղցի երեք իշխաններին բռնել, գյուղից 7—800 ոսկի դրամ են պահանջում…
— Յոթ-ութ հարյուր…— գոչեցին ամենքը սոսկումով: