Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանուկների ճիչերը լռեցնել մտածում ու բոշայերեն հարուստ հայհոյանքներով արտահայտում էր ջղայնությունը։

Մինչ այդ, թախտի վրա մեկնված տղամարդը սկի էլ չէր շարժվում։

Չիբուխը բերնին, փստացնում էր ու երազում։ Իսկ երբ մանուկները ճիչերը մեծացրին — նա էլ բուռն հայհոյանքների դիմեց և հրամայեց կնոջը՝ աղմուկը պակասեցնել։

— Ի՞նչ անեմ,— կանչեց կինը,— էս անիծած թոնիրն էլ չի վառվում. գոնե քիչ փուշ բերեիր սարերից:

— Ժամանակ չկա, կին.— խոսեց տղամարդը,— և շուտ արա, մի բան տուր ուտելու. և պիտի այսօր շատ քար կտրել. Գևորգ աղան պիտի գա և գնի։

Հետո, երբ տեսավ, որ թոնրի ծուխը սաստկանում էր, չիբուխը բերնին իջավ և քայլեց դեպի դուռը։

— Դռանը կնստեմ,— ասաց նա կնոջը,— երբ կերակուրը կլինի, կանչիր։ Շուտ արա։ Ու դուրս եկավ, մտադրելով նստիլ իր շինած տան առջև դրված մեծ քարի վրա։

Ելավ, նորից կանգ առավ՝ տունը դիտեց և պատրաստվեց նստելու, երբ հանկարծ սառած ու ապշած նայեց դեպի քարակույտը, որ հեռու չէր տան դռնից։

Այնտեղ, մեջքը քարերին տված, նստել-կծկվել էր մի պառավ կին, ոտքերի մեջ առած երկար ցուպ, կողքին մի մեծ գամփռ։

Խոշոր մարմնով, բայց ցնցոտի հագած կինը աչքերը փակել կարծես ննջում էր։ Փոշոտ էր, գունատ և հոգնած։

Երբ լսեց ոտնաձայն, ցնցվեց, մի միակ աչքը բաց արավ ու նայեց։

Երկուսի ակնարկները հանդիպեցին միմյանց։ Տղամարդը սոսկումով ետ քաշվեց, իսկ պառավը ոտքի ելավ։

— Խաթ-Սաբա…— գոչեց տղամարդը։

Խաթ-Սաբան մի քայլ արավ դեպի նա և ասաց.

— Երևի «մայր» բառը մոռացել ես… Ա՞յս է տունդ։

Ու քայլեց դեպի դուռը։

Տանտերը ջանաց աննկատելի կերպով նրա դեմը կտրել ու ասաց.

— Այստե՞ղ… ոչ, այստեղ մի մտնիլ…

— Այդպե՞ս,— կանգնեց Խաթ-Սաբան,— ո՞րտեղ ուրեմն կընդունես մորդ, որ հոգնել է և մի բաժակ ջուր խմելու պետք ունի։ Այնուհետև կասի քեզ նա իր ասելիքը, որի համար կտրել է երկու օրվա ճանապարհ և եկել է այստեղ։