Որդին շփոթվել էր։ Չգիտեր ինչ անել։
Այդ միջոցին տան դռան վրա երևացած կինը տեսավ, որ ամուսինը խոսում էր մի պառավի հետ, նայեց քիչ ու գոչեց.
—Կարող ես ներս գալ, Մարտոս. թոնիրը կպավ և կերակուրը տաքացել է:
—Ահ,— դարձավ Խաթ-Սաբան իր որդուն.— դու ինձ խաբում ես ուրեմն. սա է տունդ… Առաջ անցիր և մի վախենա, մայրդ երկար չի մնա քեզ մոտ. կտեսնի հարսին և թոռներին՝ եթե կան, մի բաժակ ջուր կխմի… և ահա բոլորը։
Այդ ասելով՝ նա ուղղակի ներս մտավ, գամփռին մոտ կանչեց, նստեց թոնրի եզերքում փռված փսիաթի վրա, ցուպը ծնկերին առավ ու տանտիկնոջ դառնալով՝ ասաց.
—Հարս, թե թան ունիս՝ քիչ թան տուր. թե չունիս՝ ջուր մի աման:
Մանուկները, որոնք Խաթ-Սաբայի խոսելու ժամանակ դիտում էին նրան, հանկարծ ձեռքերը իրար խփեցին և մոտենալով՝ կանչեցին.
—Վա`յ,բոշա է եղել։
— Մեկ աչք ունի,— ծիծաղեց երկրորդը։
Մարտոսը երկու ուժգին հարվածներով՝ հրեց նրանց հեռու և լռեցրեց։
Սակայն Խաթ-Սաբան լսել էր և մի կատաղի ակնարկ ձգեց որդու վրա։
— Որդինե՞րդ են։
Ապա ժպտաց ու ավելացրեց.
— Սովորցրու նրանց, որ իրենք էլ բոշա են և որ մի աչք ունենալը ամոթ չէ բոլորովին։
— Իրա՞վ,— հարցրեց այդ միջոցին տանտիկինը, որ պառավին էր մոտենում և պարզում նրան պղնձե թասով թանը. իրա՞վ դու Բոշա ես։
—Խաթ-Սաբան առավ թասը, զննեց հարսին ու հարցրեց խստությամբ.
—Իսկ դո՞ւ, մարդդ ու որդիներդ, բոշաներ չե՞ք:
— Մենք բոշա չենք,— պատասխանեց հարսը.— շատ էլ իմ ծնողներս բոշաներ են եղել, բայց ես բոշա չեմ։
Հետո ձեռքը պարզեց թասը ետ առնելու և ավելացրեց.
—Թասը ետ տուր, չդնես տոպրակիդ մեջ։
— Կնիկ…– կանչեց նրա վրա Մարտոսը։
Խաթ-Սաբան նախ ապշած՝ նայեց հարսին: Պահ մի չհասկացավ: