Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6

Դաշտում ետ մնացող բոշաներին հարկահանների խուզարկու զինվոարները բռնել էին և բանտարկել Զանզաղ։ Պատճառը հայտնի չէր։ Հրամայված էր բանտարկել թափառիկ և կասկածելի անձերի և նրանց բանտարկել էին։

Մյուս կողմում լեռներից դաշտ իջնել փորձող բոշաներին նույնպես բռնում էին։

Բոշաները ստիպված էին բանջարներով կերակրվել, կրակ չվառել և դողիդող, ամեն րոպե սպասել փորձանքի։

Հեռանալ չէին ուզում. ընկերներին պետք էր նախ ազատել։

Եվ երբ եղած պաշարը մեկտեղ բերին ու հասարակաց դարձրին, ծերունիները մի գիշեր ժողով կազմեցին և Խաթ–Սաբայի վրանը մտան։

Խորհուրդը վերջացավ նրանով, որ Խաթ-Սաբան ցուպը ձեռքն առավ, գամփռին սուլեց և ամենակարճ ճանապարհով գնաց Երզրում։

Գիտեր, որ մեծ որդին մտերիմ էր Հասան-Ղալայի բեգին։ Մտածեց յուրայիններին մի կերպ ազատել։

Խորհուրդը վճռել էր յուրայիններին բանտից մի կերպ հանել և իսկույն, մի գիշերվա մեջ՝ անցնել ռուսաց հողը։

Ուրիշ հնարք չկա։

Եվ երբ Խաթ-Սաբան որդուն խնդրելու անօգուտ փորձի համաք Երզրում էր գնացել— Զիվինի մեջ լցված զինվորներից մի խումբ, պատահմամբ Զիվինի-տյուզը ելնելով՝ բոշաների տեղը երևան հանեց։

Խումբը շրջապատեց բոշաներին և իրենցից մեկին ուղարկեց դաշտ, Ջանզաղում նստած բեգին իմացնելու, որ տուրքի նոր աղբյուրներ էին գլանված։

Մյուս առավոտյան Հասան–Ղալայի բեգը քսան զինված ձիավորներով Զիվինի հարթավայրը եկավ և իջավ ամենալավ վրանի տակ։

Բոշաները դողդողալով սպասում էին։ Կանայք չէին երևում, իոկ մանուկները խումբ առ խումբ թաքնված խոտերի մեջ և թփերի ետևը, գիտում էին լինելիքը։

Բեգը հրամայեց, որ ցեղի ծերունիները իր մոտ գան։

— Ո՞վ է ձեր ցեղապետը,— Հարցրեց նա։

— Այստեղ չէ,— խոսեց մեկը.— նա Երզրում է գնացել։

— Ի՞նչ է անունը։

— Խաթ-Սաբա։

Բեգը նախ զարմացավ, հետո մի մեծ քրքիջ արձակեց։ Գրագիրն հետը եկած հարկահավաքն էլ պարտք համարեցին ծիծաղել։