Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Այդ դու ես դրանց սովորեցրել այդպես, չէ՞… դու և կինդ…

—Փողոցից, փողոցից կմկմաց որդին։

—Հայրիկ,— գոչեց այն կողմից երկրորդ որդին,— ես էլ ասե՞մ «շուն բոշա»…

Խաթ-Սաբան ավելի կքվեց կարծես ու դեպի մանուկը գնացող որդու թևը բռնեց։

—Ոչ, մի խփիր, ի՞նչ օգուտ ունի,— ասաց նա.— ոչինչ․ ամենքը հայհոյում են մեզ, այժմ թող և մեր զավակները կրկնեն այդ հայհոյանքները…

Ապա շունչ առավ քիչ և ավելացրեց հանդարտ։

—Լսիր, որ ասեմ թե ինչու եկա… Մեր ցեղից, քո ագգականներից, կառավարությունը իզուր տեղ բռնել է տասը մարդ և բանտ դրել։ Հասան-Ղալայի բեգն է տնօրինողը։ Ասացին, որ դու մտերիմ ես նրան։ Չգիտեմ ինչպե՞ս, ինչո՞ւ, բայց մտերիմ ես մի այդպիսի ղազանի… Ասա, չե՞ս կարող ազատել մերոնց… Քեզ խոսք եմ տալիս, որ այնուհետև այլևս երբեք չես լսի իմ կամ մերոնց մասին։ Մենք ռուսի հողը կգնանք… Արա, եթե կարող ես…

Մարտոսը պահ մի չպատասխանեց ու մտածեց։ Խաթ-Սաբան անձկությամբ նայում էր նրան և սպասում։

—Բարեկամ եմ բեգի հետ,— ասաց վերջապես որդին, բայց չեմ կարող… փող պետք է գործի մեջ մտցնել․ ուրիշ կերպ անկարելի է… չի անի։

—Ուրիշ կերպ չի՞ լինի… Ասացին, որ կարող ես դու. բեգը քեզ շատ բանով է պարտական… եկամուտի աղբյուրներ ես տալիս նրան…

—Սո՛ւտ է… ես ոչինչ չեմ կարող և փող էլ չունիմ։

Խաթ-Սաբան գլուխը կրծքին խոնարհեցրեց պահ մի ու մնաց լուռ։

Քիչ հետո նա նայեց խստությամբ որդուն և ասաց բարկությամբ.

—Զգում էի, որ պիտի մերժեիր… Մնաս բարև ուրեմն․ կա և մի ուրիշ միջոց, և դա գուցե ամենալավն է․ լոմերը կդիմեն այդ միջոցին… բայց սկսած քո մորից մինչև ետին լոմը անիծում է քեզ՝ լինի նա ազատ թե գերի։ Վախեցիր այդ անեծքից, որովհետև մորդ անեծքն է կա նրանց հետ խառն…

Ասաց, գլուխը խոնարհեցրեց և արագ քայլերով դուրս գնաց։

Գամփռը նայեց Մարտոսին, ատամները ցույց տվեց, մռմռաց և հետևեց տիրուհուն։

Ու Խաթ-Սաբան գնաց առանց ետ նայելու և անհետացավ փողոցների մեջ…