— Էյ, լոմեր, կոտորվեք դուք ու անիծվեք ձեր ամբողջ սերունդով, որ ոչխարների նման թույլ եք տալիս մորթեն ձեզ այս անիրավները… Իմ պապ Լոմ-Հասանը վկա, եթե տատս այստեղ լիներ, առաջ ձեր գլուխները կջարդեր, այդ խոնարհ գլուխները…
Խոսում էր նա բոշայերեն։ Ո՛չ գրագիրը, ո՛չ բեգը և ո՛չ զինվորներն էին հասկանում, բայց ամենքն էլ լուռ ու հմայված էին կարծես աղջկա բոցափայլ աչքերից։
Բեգը ուղղակի բերանը բաց՝ հիացած մնացել էր։ Եվ երբ հիսնապետը շարժում գործեց առաջ գնալու, բռնեց նրա թևն ու ասաց.
— Ոչ, սպասիր, թող ոչ ոք չդիպչի դրան։ Դա իմն է. սարի այդ մարալը իմ որսն է և ուզում եմ դեռ որ խոսի…
— Կտրիր ձայնդ, լիրբ քաֆտառ,— դարձավ նրան աղջիկը միշտ բոշայերեն, — եթե մերոնք մարդ լինեին, դու այժմ մեր կոխած տեղը պիտի համբուրեիր։
Բեգը մոտենում էր։
— Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, – ասաց նա քաղցրությամբ, մի բարկանա, քեզ ոչ ոք վնաս չի հասցնի։
— Մեր ցեղապետի թոռն է, – ասաց նրան ավելի մոտ կանգնած մի բոշա, — նա թուրքերեն չգիտե:
— Ասա նրան, բոշա, որ, եթե համաձայնվի ինձ մոտ գալ, ես նրան թագուհու պես կպահեմ…
Եվ երբ բոշան թարգմանել էր այդ, աղջիկը մի քայլ մոտեցավ դեպի բեգը և հանկարծ թքեց դեպի նա։
Բեգը ցնցվեց ու ձեռքով արավ հիսնապետին։
Զինվորները մոտ գնացին: Աղջիկը բարձրացրեց ցուպն ու ետ-ետ քաշվեց…
Սկսեց հետապնդում։ Աղջիկը մեջքը դարձրեց ու սկսեց փախչել, զինվորները ետևից ընկան։
Ու բոշաները, որոնք ականատես էին այդ ամենին, խմբված սկսեցին հուզմամբ խոսել միմյանց հետ։
Հանկարծ սարահարթի վերի կողմից լսվեց մի երկար աղաղակ I և ժայռի մոտ հայտնվեց մի երկար հասակ:
Ամենքը դեպի այն կողմը դարձան։
— Խաթ-Սաբան… — գոռացին բոշաները։
Կանայք անմիջապես կորզեցին իրենց ցուպերը, տղամարդիկ վարկնենապես զինվեցին ինչով որ կարողացան…
Եվ վերջալույսի այդ պահուն, սարահարթի վրա իջնող մթության մեջ, հրացաններով զինված, բայց իսկապես իրենց կյանքի համար