զինվորների դեմ, կարծես կախարդությամբ, երևան եկավ մի տարօրինակ կռվող խումբ։
Խումբի առջևը նախ կանգնած էր մի երկարահասակ միակնյա պառավ կին, կողքին հրաշալի գեղեցկությունով աղջիկ:
Երկուսի ձեռքին էլ սպառնալից ճոճում էին երկար, ամուր ցուպեր։
Նրանց ետևում շարված էին կատաղի դեմքերով, էգ առյուծներ ու նման պատրաստ ոստնելու՝ 30—40 կանայք, նույնպես զինված մեծ, խոշոր, յուրաքանչյուր հարվածը մահառիթ դարձնող մահակներով։
Եվ վերջապես, որպես վերջապահներ երևում էին տղամարդիկ՝ որոնց, ձեռքին փայլում էր և բահ, և լծակ և նույնիսկ տապարներ:
Ու երբ մութը կոխում էր լեռներից, սև մշուշն իջնում էր սարահարթի կողերից ու ծածկում շրջակայքը, լսվեց Խաթ-Սաբայի խռպոտ ձայնը, որ ասում էր յուրայիններին.
— Միևնույնն է, լոմեր. այլևս ոչ մի տեղից օգնության հույս չկա։ Թող մեկը գնա մեր տավարները պահողների մոտ և պատվիրի անցկացնելու նախիրը. դեպի ռուսի հողը… Իսկ մենք, ժողովենք մեր վերջին ճիգը, թողենք այս հողի վրա մեր վրանները և ազատենք մեզ անպատվությունից, խայտառակությունից… Ով սիրում է իր պատիվը, թող մեռնել գիտենա…
…Սրանից տարիներ առաջ մի ճանապարհորդ, որ շրջում էր սահմանագլխի կողմերում, մի գիշեր հյուրընկալվեց մի բլրակի գլխին գտնվող հայ բոշաների վրաններում։
Որովհետև ամառ էր և ցածում խոտը պակասել էր տավարներին, հայ բոշաները ելել էին գյուղից և 30-ի չափ վրաններ թողել սարի գլխին:
Ու այնտեղ ճանապարհորդին կերցրին, հետո, երբ մթնեց, հրավիրեցին գյուղապետի վրանի առաջ, ուր սովորություն ունեին բոշաներ, ու ամեն երեկո հավաքվել, նվագել, պատմություն ու հեքիաթ պատմել և զվարճանալ։
Այնտեղ շրջան էին կազմել արդեն ամենքը և լռել էին պատրաստվում պատմիչին։
Փչում էր մի զով քամի։ Երկինքը պարզ էր, և լուսինը պայծառ լուսավորում էր։ Հեռվում, տավարների պահապանները շվշվացնում էին երբեմն, և շները մեկ-մեկ հաչոցներով խանգարում էին լեռնային շքեղ լռությունը։