Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խաթ-Սաբան տխուր էր, տխուր. զգում էր, որ դաշտն այլևս չպիտի տեսնի։ Գիշերը երազ էր տեսել. որ Լոմ-Հասանը կանչում էր նրան։

Եվ զգաց, որ մեռնելու էր։ Կանչեց թոռանը, բռնեց նրա ձեռքը, օրհնեց ու ասաց.

— Հող ունենանք, որդիներս…

Կանչեց լոմերին, խրատեց նրանց ու ասաց.

— Հող ունեցեք, զավակներս․ ձեր փրկության միակ միջոցը հողն է…

Գիշերը հանկարծ զորքերը պաշարեցին հոգնած ու անոթի լոմերի խմբին։

Խաթ-Սաբան առավ իր ցուպը և մի վերջին անգամն ևս իր շուրջը դիակներ փռեց։

Ու երբ զորքը փախչում էր. լոմերր անցնում էին սահմանը, Խաթ-Սաբան վերք ստացած կրծքից մեռնում էր։

Կես-գիշերին Խաթ-Սաբան նորից մոտ կանչեց բոլոր լոմերին, բարձրացավ, օրհնեց ու ասաց կրկին.

— Հող ունեցեք…

Եվ մեռավ։

Լոմերը թաղեցին նրան այդտեղ ու վարդենու մի թուփ տնկեցին նրա քարակույտի մոտ։

Ապա իրենց հագուստներից կտրեցին, կապեցին լոմերը վարդենու թփին, լացին հերոսուհու վրա և գնացին…

Անցան տարիներ։ Խաթ-Սաբայի յուրաքանչյուր քաջությունը մի-մի հեքիաթ է լոմերի համար։

Կպատմի ձեզ նրանցից իմ որդին էլ, կպատմի և թոռը․ կպատմի յուրաքանչյուր լոմ։

Նրա գովեստը կերգեմ ես ձեզ, կերգի լոմ մանուկը, կերգեն և քարերը։

Իսկ այժմ կերգի նրան Մարգոն, կլսեն լոմերը և կպարծենան։

Կլսեմ և ես, ձեր ծերունի պատմիչը․ կլսեմ և կուրախանամ…»։

… Ու երբ պատմիչը լռեց, Մարգոն, որ մի լավ ձայն ուներ, կոկորդը մաքրեց։

Փչում էր զով քամին, փայլում էր լուսինը, հովիվը պլպլացնում էր իր չիբուխի կրակը, հեռվում՝ խոխոջում էր գետակը։

Եվ երգում էր Մարգոն, երգում քաղցրաձայն.

Զիվինի թուփ, ղուրրան վարդիդ,

Ո՞վ կհասնի քո փառքիդ…