Ապա դեմքը դարձնում էր դեպի Զիվինի հեռավոր գագաթներն ու ավելացնում ոգևորությամբ.
Զիվինի թուփ, ղուրբան վարդիդ,
Ղուրբան Փիրին ծածկող հողիդ…
ԸՄԲՈՍՏ ԵՐԳԵՐ
Ո՞վ է այնտեղ — այդ զորեղ ոգին, որ մերկ ու միայնակ, մրրկում է լեռների գագաթների վրա։ Գլխով մշուշն է հալածում, քրքիջով բուերի ձայներ խլացնում և բարձրաբերձ՝ ճահճոտ անտառների գիջության մեջ կառուցած արվեստականության դեմ՝ ջրեր է հարուցանում։
Ո՞վ է այնտեղ— այդ նոր հսկան, որ մերկ է անամոթության չափ և անդիմակ՝ ցինիկի հանդգնությամբ։
Որ անկաշկանդ՝ անտառի շարժումը պրկող բաղեղներից, ոչ մի գարշապարի առաջ չի խոնարհեցնում իր թռիչքն ու իմաստությունը։
Միայնակ ու մերկ է նա, որպես ազատ իմաստությունն իր խոհերով։ Հանգչում է բարձրությունների մեջ և քրքջում ճահիճների խորքում սնվող կանաչ աղտոտությունների վրա։
Նրա զբոսանքն է՝ ծաղր կարկտել փշերի գլխին, հեգնություն տեղալ վայելչության աստծո վրա և իմաստության խանդով մերկացնել ամե՛ն հագնվածի։
Նրա խոսքերը լծակի պես դարձնում են դարևոր ժայռեր և տակի խոնավ գիջությունը արևին պարզում։ Նրա իմաստությունը անգութ է և խիստ, որպես անխնա ավերիչ դարևոր հնությունների։
Նվիրականության հոտը նրան չի՛ բորբոսեցնում. ավանդականության օձը նրա ոտների տակն է, և հնամյա բարոյական վիշապը սողունի պես գալարվում է նրա առաջ։
Սավառնում է նա տիեզերքի տարածության մեջ անսահման առաջ. նրա շրթունքներից հոսող ջերմությունը հալեցնում է անշարժ ժայռեր։
Փոքր է նա, որպես հեռվից երևցող աստղ. կիզիչ է՝ որպես էլեկտրական հոսանք։ Նրա խոհերը շանթի նման իջնում են դաշտերի վրա, մոխիր դարձնում ճահիճներ, ընթացք տալիս ծովերի։
Ոլորապտույտ մրրիկի պես շարժում է նա անապատի ավազը, նոր բլուրներ ու բարձրություններ կազմում, նոր հասկացողություններով