ջարդո՛ւմ է հների գլուխը և նո՛ր կշիռներ դնում հրապարակների վրա։
Լեռների անոսր բարձունքների, երկնքին ձգտող ըմբոստ ոգու երգե՛րը լսեցեք…
… Երբ թափառում էի անտառի մեջ, ոտներս ճահիճների տիղմից ծանրացել էին և հոգիս գարշ օդից բթացել—ըմբոստ ոգին, միայնությանս ու դառնությունների խոհերից ծնած, թափանցեց սրտիս մեջ, խլե՛ց ուղեղս պրկող պատուտակները, և ես գնացի նրա ետևից։
Եվ մարդիկ ասացին. «Խենթացա՛վ»…
Խելոք էի ես ճահիճի մեջ, երբ նախիրային և քառակուսի էր ուղեղս և տիղմով կաղապարած։ Խելո՛ք էի ոչխարի պես, հնազանդ՝ որպես կով և համեստ՝ որպես գրաստ։
Բեռնաբարձ սայլ էին դարձրել ուղեղս և ծանրացրել պարտավորություների ժանգոտ շղթաներով։
Ըմբոստ ոգին՝ բարձրությունների մերկ հսկան, խլեց ինձ և «խենթացրեց» խոհերս։
Եվ ես աշակերտ եղա ըմբոստ ոգուն։
— Խոսի՛ր, վարպետ։ Ծարավի՛ եմ վճիտ և բնական ջրերի, որ դեռ ո՛չ մի ավազանի մեջ չի սեղմած ու պղտորած և խողովակներում չի կաղապարած։
Խոսի՛ր, ըմբոստ ոգի։
Ու ոգին տարավ ինձ բարձր՝ ամեն ճահիճից, ամեն անտառից, և երբ տարտղնած նախիրն էի դիտում, նստեցրեց մի բարձր կատարի վրա և խոսեց այսպես.
— Ես եմ ձեզ հետ խոսողը— լեռների վրա սավառնող, ամպերի բարձրությանը և գիտակցության կրակը գողանալու ձգտող՝ ըմբոստ ոգին։
Եվ ձե՛զ հետ եմ խոսում, գծո՛ւծ որսորդներ, որ վար իջեցրիք ժայռի կատարի վրա ելած արծվին իր ձագերով և նրանցից խրտվիլակներ շինեցիք ձեր աղտոտ պալատների զարդարանքի համար։
Ձե՛զ հետ եմ խոսում, փոքրագույն մասի վրա ցեխ շպրտող որսորդներ, որ արծվային խոհերը գողանալով՝ ձեր խոհանոցը իջեցրիք և նրանով միայն ձեր ստամոքսը պարարող կրակն եք արծարծում։
Ձե՛զ հետ եմ խոսում, գույների՛ սիրահարներ, որ ժողովրդյան մեծ ձգտումները ներկի փոխեցիք և շպարած ձեր աղտոտ դեմքերը, իջեցրիք ձգտումների նժարն ու հաստատեցիք ձեր կազմած ճահիճների տիղմի մեջ։