Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իրա՞վ, այժմ դո՞ւք եք մեր տանուտերը։ Շատ ուրախ եմ։ Մենք անցյալում քի՛չ ենք հանդիպել, բայց այսուհետև հույս ունեմ, որ հաճախ տեսնվենք։

ԱՐՇԱԿ.— Ուրախ կլինեմ։ (Դառնում է մոտեցող տանտիկնոջ, և, ձեռքը սեղմելով, լուռ շնորհավորում):

ՏԻԿ. ՄԱՆՈԻԿՅԱՆ.— (Փոխադարձ լուռ շնորհակալություններ

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Օղու բաժակներով մոտենում է)։ Ապա՞, տանուտե՛ր, առ մեկ այս. շնորհավորիր, աչքալուսանք արա…

ԱՐՇԱԿ.- (Ժպտուն)։ Շնորհակալ եմ. հացս նո՛ր կերա։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ոչի՛նչ, սա կմարսեցնի։

ԱՐՇԱԿ.— Չէ՛, շնորհակալ եմ… (Ալեքսանին)։ Երևի երկար չեք մնա մեզ մոտ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ընդհակառակն, երկար կմնամ։

ԱՐՇԱԿ.— Ամառն, իհարկե, քաղաքում շատ շոգ է լինում, մեզ մոտ լավ է։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Այո՛, բայց ես ձմեռն էլ կմնամ։ Դեռ շա՛տ կձանձրացնեմ բոլորիդ, մանավանդ ձեզ։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Լսո՞ւմ ես, տանուտե՛ր. Սաշան ուզում է մեր գյուղումն սկսել իր պրակտիկան… Ասում է՝ գյուղում թալանում էն, պետք է օրենք հասկացնող… Էլ բան ու գործ չունենք, էլի …

ԱՐՇԱԿ.— (Զարմացած և հետաքրքրված)։ Իրա՞վ… Մեր գյուղո՞ւմն էք ուզում գործել… (Ուրախ)։ Հիանալի՜ բան կլինի։ Որ գիտենաք, թէ որքա՜ն պետք ունենք մի փաստաբանի, որ հասկանար, օգներ տանջվողներին։ (Խոսելով գնում է դեպի պատշգամբը

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գրիգորին)։ Պրծա՜նք… Գտա՛վ իրեն պես ֆանտազյորը … Հմի երազնե՜ր կտեսնեն, պլաննե՜ր կսարքեն, որ էլ ասել չի լինի…

ԳՐԻԳՈՐ.— (Մռայլ)։ Հիմարությո՜ւն… Մի ամիս չի քաշի, կփախչի գյուղից։ Ախր գյո՞ւղն ինչ, փաստաբա՞նն ինչ… (Կռանում է դեպի նա և ավելի ցած)։ Մեկ էլ, գիտե՞ք, որ բա՛ն է, էդ գյուղացիները գործեր տան դրան, էլ դժվա՛ր կլինի ձեզ շուտ-շուտ վճռել ու կարճ կապել։ Էնքա՜ն կխոսի, կձգձգի, էնքա՜ն օրենքների հոդվածներ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Կնճռոտ)։ Չէ՛, տեսնում եմ, որ գլխիս խաթաբալա է լինելու սա… Հազր մեզ-մեզ գործերը վերջացնում էինք:

ԳՐԻԳՈՐ. — Իհարկե… (Ավելի է կռանում և փսփսոցով խոսում

ԹԵՐԵԶԱ.— (Մարգոյին)։ Լա՛վ, գնանք տեսնե՞նք… Սաշային էլ ասենք… (Հեռվից՝ Ալեքսանին)։ Ալեքսա՛նդր Սահակիչ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Պատշգամբից քիչ ներս գալով)։ Ինձ հե՞տ եք, օրիո՛րդ։