անիրավություններին և անօգուտ գործիքի փոխել կեղծությունն ու ստությունը, բայց նրա հուսահատ շվարմունքը գոյանում էր այն հանգամանքից, որ եղած դրության արդար անվանողը, բնական գտնողը նույնիսկ իրենք — զրկվածներն էին, իրենք — հարստահարվողներն ու թշվառները։
— Չգիտեն, թե ինչ են անում… — ցոլաց հանկարծ Նազովրեցու խոսքերը նրա մտքում,— հարկավոր է ուրեմն հասկացնել իրենց դրությունը, հարկավոր է ապացուցել, որ հնարավոր է ավելի լավ դրության հասնել, ապրել որպես մարդ ։
Եվ ահա այդ միջոցին էր, որ մի ոչ իմաստուն մոտեցավ նրան ու ասաց.
— Իզուր ես կռիվ մղում դանակների դեմ, պետք է դանակ բռնող ձեռքերը գոսացնել։
Ասաց և անհետացավ, թողնելով իմաստունին ապշության մեջ։
— Ով անհատակ իմաստություն, — աղաղակեց նա, — որքան անսպա՜ռ ես դու։
Հետո քայլեց, կանգնեց հրապարակի վրա, հավաքեց իր շուրջը բոլոր վիրավորներին և ասաց.
— Դարմանեցի ես ձեր վերքերը, բայց վաղը էլի դուք վերք կստանաք: Փշրեցի ես շատ դանակներ, բայց նրանց բռնող ձեռքերն էլի կշինեն դանակներ. փշրենք այդ ձեռքերը։
— Փշրենք ձեռքերը,– ոռնաց ամբոխը, թնդացրեց հրապարակը, փառաբանեց իմաստունին: Բայց երբ դանակ բռնող ձեռքերը մոտ եկան և կամենալով մի անգամ ընդմիշտ ազատվել «խենթից», բռնեցին իմաստունին – ամբոխը ցրվեց ու նրա խոսքերով ոգևորվողները թողին նրան ու փախան:
Ու գնաց իմաստունը շղթայի մեջ կապկպված ու մտածեց Հիսուսի վրա։
Անշուշտ այդպես էր, որ բռնել էին նրան՝ անհավասարության ու կեղծիքի դեմ քարոզողին։ Եվ անշուշտ, երբ բռնում էին նրան, «օվսաննա» կանչող ամբոխը նույնպես ցրվեց, մոռացավ մեծ մխիթարչին։
Միայն մոռացա՞վ… Բայց ոչ. ահա ներկայանում է նրա առաջ Գողգոթան, խաչը, նրա ստորոտում շարժվող այն ամբոխը, որ քիչ առաջ «օվսաննա» էր գոչել, իսկ այժմ նույնքան ոգևորությամբ ոռնում էր. «Ի խաչ, ի խաչ հան զդա»։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
- Ի ջուր, ի ջուր խենթին։
Ոռնում էր ամբոխը իմաստունի ետևից և քարեր ու ցեխ շպրտում նրա վրա: Չէին սպանել, այլ դուրս էին վռնդում քաղաքից։