կոխի հորս թշվառ գլուխը և մեր ընտանեկան պատիվը… դո՛ւ ես ուզում, դու՝ որին ես սիրում եմ…
ՍԱՀԱԿ.— Իմ ասածն էչ դա չի՞… Մարդը մեզ գոհացնում է, աղջիկը քեզ սիրում է — իսկ դու նրան, այդ ծերունուն, որ գրեթե իր փողո՛վն է ուսումի տված լինում քեզ, ուզում ես քաշել ակրուժնոյ սո՜ւդ, արեստանտսկի րո՜տ ղրկել…
ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվում է սոսկումից)։ Ա՞յդ է պատիժը… պատիժը՝ վաշխառուների համար… Արեստանտսկի րո՜տ… հո՜րս… (Լուռ են ամենքը)։ Այդպե՞ս… Իմ ծերունի հայրը, իր սպիտակ մազերո՜վ, արեստանտի հագուստո՜վ… (Թուլացած նստում է)։ Սա՛շա… Ախ որքա՜ն կուզեի այս րոպեիս վերջանար, չզգայի, չլսեի՜…
ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Սա՛շա, բաս դու քա՛ր ես, բա կթողա՜ն, որ խեղճ աղջիկը տա՛նջվի… Էդպես էլ հանաքնե՞ր կանեն… (Գգվելով Թերեզային)։ Չէ՛, Թերե՜զ, հանա՛ք են անում… Մարդ սկի իր սիրած աղջկա հորը ըտենց բա՞ն կանի… Հանդարտիր, ծիծաղում են վրեդ… Ի՞նչ սուդ, ի՞նչ բան… Գրիգոր աղեն, խո՛ աստված գիտի — ոչ ոք նրա արած լավությունը մեզ չի արել… Ասել է, թե էլ կո՛պեկ չի առնի, տո՛ւնն էլ մեզ կթողնի, բա՛ղն էլ…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Լռի՛ր, մա՛յր, այդ ողորմությունը մենք չե՛նք ընդունել…
ՏԻԿ. ՄԱՆՈԻԿՅԱՆ.— Ինչի՞ ողորմություն, ա՛յ բալամ… Դե մա՛րդ ա, քար խո չի՞… Հալբաթ տեսնո՛ւմ ա մեր հալը…
ՍԱՀԱԿ.– (Կնոջը)։ Ի՞նչ ես ախմախ-ախմախ դուրս տալիս, ա՛յ կնիկ… (Մի կողմը)։ Ֆո՛ւհ, ասած է, է՜, կնգա բերանը լո՛բի թրջել չի լինի…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Հորը)։ Ուրե՛մն ճի՞շտ է, հայր. նա իրա՞վ խոստանում է մուրհակդ ոչնչացնել: Ոչինչ չի պահանջում պարտքիցդ, այո՞… (Դառնությամբ): Ուզում է անպատճա՛ռ ցույց տալ, որ իր փողով ուսում առածն է ոչնչացնելու ելել իրեն… Ուզում է պարտավորեցնե՛լ ինձ, ազնի՛վ ցույց տալ իրեն՝ ուրիշների առաջ…
ՍԱՀԱԿ.— (Շփոթված)։ Թո՛ղ, Սա՛շա… հետո՛…
ԹԵՐԵԶԱ.— (Որ բոլորովին ուշքի է եկել, ելնում է թույլ)։ Այժմ թողեք ինձ… Ես ասացի… ուզում է ինձ սպանել… և գուցե, ա՛յդ ավելի լավ է… մնա՛ք բարև… (Քայլում է դեպի դուռը):
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Տանջվելով և քիչ լռությունից հետո): Թերե՛զ, մի րոպե… Ուրեմն ա՞յդ է քո վերջին խոսքը. դու չե՞ս կամենում ազնիվ մարդու կինը լինել… քեզ հարկավոր է ուրեմն գծո՜ւծ, ստո՜ր տեսնել ինձ…