ԹԵՐԵԶԱ.— (Ուզում է վերադառնալ, խոսել)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Չի թողում ու վրա է տալիս)։ Ո՛չ… գնացե՛ք այժմ… Այդ հարվածն էլ թող ավելանա… (Արշակին)։ Պարո՛ն Արշակ, ի՞նչ է լինում այն կռվողի դրությունը, երբ նրա գլխին կարկուտի պես հարվածներ են իջնում, երբ ծեծում են նրան ամեն կողմից…
ԱՐՇԱԿ. — Այդ ես չգիտեմ, բայց գիտեմ այն, որ սուր շինելու երկաթը որքան լավ և արագ են ծեծում, նա այնքան ավելի կուռ է դառնում, կտրո՛ղ և դիմացկուն…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մտախոհ)։ Այդ ճիշտ է…
ԱՐՇԱԿ.— (Շարունակում է)։ Իսկ եթե երկաթը վա՛տն է, նա փշրա՛նք առ փշրանք կոտրտվում է և երկաթն այլևս անպետք է դառնում սուր կռելու համար…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.– (Ուղղվելով)։ Ձեր ձե՛ռքը… (Սեղմում է, հետո Թերեզին՝ հպարտ): Գնացե՛ք այժմ… Ես ձեզ սիրում եմ, բայց չեմ կամենում ստորանալ՝ սիրվելու համար… Սերը մուրալ ես չե՛մ ուզում, այլ վերցնել, եթե տալիս են… Ինձ հետ եկողը պիտի ուրանա և մայր, և՛ ընտանեկան շինծու պատիվ, և հա՛յր… մանավանդ երբ այդ հայրը մի ամբողջ հասարակության դահիճն է…
ԹԵՐԵԶԱ.— (Հեկեկալով, ձեռքերի մեջ առած երեսը՝ գրեթե փախչում է դուրս։ Մի վայրկյան խոր լռություն է բեմի վրա)։
ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մեկե՛ն թուլանալով՝ նստում է)։ Վերջացա՜վ…
ՍԱՀԱԿ.— (Նրան)։ Բա Սա՛շա, էդպե՞ս կանեն… Մե՛զ, ասենք, չես խղճում, էդ խեղճ աղջկա՛ն ինչու ես սպանում. բա դու գո՞ւթ չունես. գյուղացոց ցավերը խաթաբալա՞ դարձան մեր գլխին… խո մենակ դու չե՞ս, ուրիշ մա՞րդ չկար…
ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Թո՛ղ, հա՛յր… Դուք քաղցած չեք մնա, ո՛չ էլ անտուն… (Ավելի մեղմ)։ Վա՛ղն ևեթ պետք է դուրս գալ այս տնից… (Հորը՝ խիստ և կտրուկ)։ Հա՛յր, եթե այդ մուրհակը դու ետ վերցնես, եթե այդ ողորմությունը դու ընդունես… (Ոտքի է ելնում)։ Իմացի՛ր, դու… այլևս իմ հա՛յրը չես… Ես չե՛մ ուզում, որ մի ավազա՛կ վճարած լինի իմ ուսման ծախքը…
ՍԱՀԱԿ.— (Հուսահատ, գլուխը կախ՝ ետ է քաշվում)։
ԿԻՐԱԿՈՍ.— (Երևում է դռան վրա); Բաղդասար ամին-բա՛նը եկել են… Հրեն զալումը…
ՍԱՀԱԿ.— (Բարկությամբ)։ Ի՞նչ… դո՛ւրս արա, շո՛ւտ…