Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չեմ կարող… Այդպես եմ անում, այդպես խոսում՝ որովհետև այդպես էլ զգում եմ…

Իմաստունը, որ գլուխը կախած լսում էր, բարձրացրեց հայացքը և մռայլ որպես մարմնացած թախիծ՝ դարձավ դեպի թշվառը:

— Երիտասարդ, — ասաց նա, — դու թշվառ ես, որովհետև անկեղծ ես եղել, զգացումներիդ անկեղծ արտահայտությունը նրանց խանդոտության հետ միասին, սառեցրել են կնոջ կեղծությամբ սնված զգացումները, կեղծության կարոտ, կեղծությամբ միայն շարժվող սիրտը։ Եթե ուզում ես ապրել, պարտավոր ես կեղծել, խայծի խաղ սարքել այդ կնոջ հետ, ցույց տալ, որ այլևս չես սիրում նրան. քանի խուսափես կնոջից — այնքան կինը կվազե քո ետևից. քանի պնդես նրա ետևից, այնքան նա կխուսափի… այսպես եմ եզրակացնում ես այդ բոլորից, և թող անիծյալ լինի սերն էլ… Սերն էլ չէ այն ճանապարհը, որ կարող է տանել դեպի իմ որոնած նպատակը. դու փշրեցիր մի լար էլ իմ սրտից — մի վերջին լարը. ես գիտեի, դու մի նոր ուժգնություն տվիր վերքիս. անիծյալ եղիր դու էլ… թո՛ղ ինձ. ես դեռ ոչինչ չեմ գտել, ոչինչ չեմ հասկացել, եթե ոչ՝ որ ամեն ինչ կեղծ է և անտանելի։

Ու ետ քաշվեց, փաթաթվեց վերարկուով, նայեց երկնքին և ուզեց հեռանալ։

Երիտասարդը տխրությամբ պարզեց նրան իր ձեռքերը։

— Կանգ առ, խնդրում եմ, — գոչեց նա, — կանգ առ, դու բոլորովին սպանում ես ինձ քո վշտով։

— Կամենո՞ւմ ես, — շարունակեց իմաստունը մի նոր ուժգին դառնությամբ, — կամենո՞ւմ ես ապրել այսպիսի աղտոտ կազմակերպության մեջ, երջանիկ լինել այնտեղ, երջանիկ համարվել, այդ տեսակ սիրուհու վերագտնել, այսպիսի մարդկության մեջ անուն հանել… կամենո՞ւմ ես. այն ժամանակ մի ճար է միայն մնում քեզ — կեղծի՛ր…

Ասաց արհամարհությամբ արաբացի իմաստունը և արագ քայլերով, առանց ետ նայելու՝ դուրս գնաց ծառաստանից ու հեռացավ ամրոցից…

7

Քայլեց նա և քանի առաջ էր գնում, այնքան ավելի թանձրացած կերպով վերարտադրվում էր նրա մտային տանջանքը, վիհը և անըմբռնելի ապագան. այնքան է՛լ ավելի ուժգնանում էր նրա դառնությունը։

Քայլեց նա ավելի քան երբեք՝ ընկճված, Տանտալոսի պես պապակած շրթունքը՝ մտովին երևակայած առվակին ուղղած —առվակ, որ