միշտ խուսափում էր. ցանկացող ձեռքերը մտովին երազած պտուղների տարածած — պտուղներ, որոնք միշտ ետ էին քաշվում, բարձրանում, կախ ընկած անհունության մեջ, փայլուն որպես ո՛չ մի աստղ, ցանկալի՝ որպես ո՛չ մի բան…
Եվ այդ մտային ցանկալի երազները քանի գնում՝ հեռու, շատ հեռու էին թվում նրան։
Եվ ահա տեսավ ու համոզվեց նա, որ ահավոր հրեշկեղծությունը մտել է աստծուն պաշտելու, իր նմանին նվիրվելու և սիրո զգացմունքների մեջ, որ նա փակում է դեպի բարձրն ու վսեմը գնալու ուղին, որ նա մտել է ամեն, բացարձակապես ամեն բանի մեջ. ամենաչնչին թաքուն խորշերից սկսած մինչև, ամենալայն տեղերը գրավել, որ սպրդել է նա մարդկանց՝ միմյանց հետ ունեցած հարաբերությունների, մտերիմ ընկերների, միմյանց ջերմ սիրողների, միմյանց մեռնելու չափ նվիրվածների, ինքն իր մեջ, երկու նոր հանդիպածների, երկու ամենահին բարեկամների, հայր ու որդու, ամուսինների… ամենքի մեջ այնպես, որ նա բնություն դառնալով, մեծ մասամբ աննշմարելի եղած պահանջ է դառնում. և որ չկա բացարձակ անկեղծություն, որ բացարձակ անկեղծ լինել կամեցողը ոչ միայն դժբախտ կլինի, կատվի, կհալածվի, մենակ կմնա, քաղցած կմեռնի, խենթ կնկատվի, կքարկոծվի և կդառնանա, այլ որ նա շուտով կհամոզվի, թե կեղծություն է մարդկային այսպիսի փչացած ընկերության մեջ կապ պահող շղթան, որ կեղծություն է թաքնված այդ առերևույթ երջանկությունների, մարդասիրության, բարության, ազնվության, ոգևորության, իդեալականության և բոլոր այլ «վսեմ» անվանված հատկությունների, նույնիսկ «անկեղծության» տակ…
Եվ եկավ իմաստունը այն եզրակացության, որ մարդկությունը երջանիկ կլինի և կհասնի վսեմ ու բարձր ապագային այն ժամանակ միայն, երբ հիմնովին տապալվի կեղծության վրա կանգնեցրած այս կազմակերպությունը, և երբ բացարձակ անկեղծությունը լինի ամենասովորական, տիրող բարոյականը…
Այն ժամանակ ահա մարդս կարող պիտի լինի հասնել այն խորհրդավոր նպատակին, որը նա այժմ չի տեսնում, որի մասին նա ոչինչ չգիտի և – քանի այդպես կեղծ է — չպիտի գիտենա, չպիտի հասնի…
Ու խոնարհեց գլուխն իմաստունը՝ ավելի քան երբեք ճնշված սրտով, վշտացած հոգով, ու նման Տանտալոսի, որ կամեցել էր անմահության գաղտնիքը խլել աստվածներից և դատապարտվել էր մշտական ծարավի, հավիտենական քաղցի տանջանքին – նրա մտքի մեջ բացվեց նորից անհատակ փնտրողության անդունդը, և գոյացավ տոչորող ծարավ, անհագ քաղց…