Հավատի, անձնվիրության և սիրո ազդեցությունը խախտվել էին նրանում. գտել էր, որ դրանք չեն դեպի փայլուն ու բարձր ապագա տանող շավիղները, որովհետև բոլորն էլ թանձրապես փակված են կեղծության զզվելի տիղմով — բայց և զգում էր, որ այդպես չպիտի լիներ, որ դա բուռն կերպով անբնական, բռնությամբ ուղղությունը ծռած, ճանապարհները տիղմով լցրած, խայտառակ ու խոզային դրություն էր, և որ մեծ ապագան այնտեղ հեռու, չնայելով դեռ երազային աշխարհների մեջ՝ բայց կար, բայց պիտի մոտենար, և որ նրան տանող ճանապարհները մաքրող միակ զենքը անկեղծությունը կարող էր լինել, բացարձակ անկեղծություն, ամեն բանի մեջ անկեդծություն, պարզություն և ուղղամտություն…
…Եվ ահա հանկարծ, անապատի և ամայության մեջ շարժվել սկսեց ամեն ինչ. բնությունն ամբողջ շքեղ, վարդագույն լույսի ողողումով համակվեց և սքանչելի շշուկով միացած կարծես՝ խոնարհվեց դեպի իմաստունը:
Ու մի քնքուշ ձայն, եկած երազային, ապագա աշխարհներից, կանչեց նրան.
— Եկել են օրերը, քայլիր և սովորեցրու…
— Մինչև ե՞րբ… — բացականչեց նա։
Եվ ապագայի ձայնը կրկնեց նրան.
— Քայլիր, դու անմահ ես…
Այն ժամանակ փաթաթվեց իմաստունը իր վերարկուով, մի նոր ուժով ոգևորված՝ պնդեց կոշկի կապերը, մտավ մարդկանց մեջ ու խոսեց բարձրաձայն՝ անկեղծության և գիտակցության մասին:
Եվ մարդիկ, որոնք լսում էին նրան, ավելի խորապես հուզվեցին իմաստունի համոզման ձայնից և ապագայի վարդագույն փայլով:
Այդպես անմահ՝ քայլում է նա մինչև այժմ, միշտ պապակած, միշտ լի մեծ ապագայի հասնելու բուռն ձգտումով, անկեղծ ու մաքուր գալիքի համար տենդային սպասողությամբ համակված և որոնողության բուռն ցանկություններով տոգորված։
Քայլում է նա և հավատում, որ պիտի գան այն մեծ օրերը, երբ ո՛չ հավատքն է կեղծության շնորհիվ իբր եղբայրասպանության ահռելի զենք գործածվելու, ո՛չ իր նմանին նվիրվելու գործը և ո՛չ էլ սերը…
Եվ երբ մարդիկ տեսան այդ, իմացան, որ Կովկասյան լեռների վրա շղթայած — երկնքից գիտակցության կրակ գողացող Պրոմեթևսը