այդքա՛ն թուլակազմ, այդքա՛ն ողորմելի, սակայն միշտ զվարթ և միշտ արագաջան…
Վեզիրը լռեց, շատ խոր մտածեց և չկարողացավ ոչինչ պատասխանել։
— Խոսեցեք և դուք, իմ խորհրդականնե՛ր,— դարձավ թագավորը մյուս վեզիրներին,— ձեզնից ով ասի այդ գաղտնիքը, կլինի իմ սիրելին
և իմ մտերիմը։
Բայց ո՞վ կարող է ասել այն, ինչ որ միայն աստված գիտեր և ինքը՝ գործավորը։
— Տե՛ր իմ,— խոսեց մի վեզիր,— հրամայիր նրան ավելի ծանր գործ տալ, տեսնենք նա նույնպես կերգե՞ գործելիս և այդպես ուրա՞խ
քարեր կկրե։ Գուցե նա ավելի և շատ ուժով է, քան երևում է։
Ու թագավորը հրամայեց, որ քարյա սյունի մի պատվանդանը գործավորը կանգնեցնե:
Սա մոտ եկավ, նայեց խոշոր քարին, կանչեց աստուծո մեծ, հզոր անունը, ժպտաց, կռացավ և մի շարժումով գլորեց նրան սյունի ստորոտը։ Հետո սրբեց քրտնաթոր դեմքը և միշտ երգը բերնին՝ բարձրացրեց և դրեց սյունի տակ:
Բոլորն ապշել էին։ Այդտեղ մի բան կար, մի գաղտնի ուժ անշուշտ, որով օժտվում էր չնչին գործավորը և որից, ըստ երևույթին, ոչ արքան ուներ և ոչ վեզիրները։
Մոտ կանչեց արքան քաջ գործավորին, փող տվավ, գովեց և ապա հարցրեց.
— Ինչո՞ւմն է ուժդ, կտրի՛ճ գործավոր։
— Չգիտեմ, արքա,— ժպտաց կտրիճը,— ես այսքան գիտեմ, որ երջանիկ եմ, ո՛չ մի վիշտ չունեմ, գործում եմ ուրախ, ապրում եմ ուրախ…
Արքան այդ խոսքերից ոչինչ չհասկացավ ու հրամայեց իր վեզիրներին խորհրդի ժողովվել, մտածել, փնտրել և գործավորի ուժի գաղտնիքը գտնել։ Եվ դրա համար հինգ օր ժամանակ տվավ։
Մինչ խորհում էին ամբողջ տերության այդ խելոք մարդիկ, վեզիրներից ալևորը, որ լսել էր գործավորի ասած խոսքերը, հրաման խնդրեց հեռանալ, մինչև երեկո Հասանի (այդ է գործավորի անունը) գործը դիտելուց հետո, մոտեցավ նրան, ապա ընկերացավ և կամեցավ հյուր լինել նրա տանը։
- Տեր իմ,- ասաց Հասանը,- ես մի աղքատ մարդ եմ, մի խրճիթ ունեմ. վայե՞լ է, որ դու այնտեղ մտնես և իմ չոր, խղճուկ ընթրիքին մասնակցես։