Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հոգ չէ, իմ որդի, ես ուզում եմ տեսնել խրճիթդ ու կինդ, զավակդ ու կյանքդ, ուզում եմ տեսնել, թե իրա՞վ վիշտ չունես և երջանիկ ես, իրա՞վ միշտ էլ զվարթ ես, միշտ երգը բերնիդ:

Եվ ծերունի վեզիրին Հասանը տուն տարավ։ Երբ ներս էին մտնում, դռան առաջ երևաց մի չքնաղ երիտասարդ կին, որ սիրալիր ժպիտը դեմքին, մի հրեշտականման մանուկ էլ գրկին, ընդառաջ եկավ, գրկեց ամուսնուն, անկեղծ ու սիրով համբուրեց նրան, գիրկը տվավ մանուկը, հետո միշտ զվարթ՝ ներս տարավ նրանց, ընթրիքը բերեց և այնպես խնամքով, այնպես մեծ սիրով կերակրեց, գգվեց իր ամուսնուն, որ ծերունի վեզիրը երբե՛ք իր կյանքում այդքան չէր հուզվել։

Եվ երբ ընթրեցին մեծ զվարճությամբ, հայրը վերցրեց մանուկին, նրա հետ խաղաց, նրան զվարճացրեց. մանուկն՝ իր անմեղ, զվարթ ծիծաղով խրճիթը լցրեց, վեզիրին դյութեց, իսկ կինը, այդ սիրող, պաշտող, չքնաղ ամուսինը այնքա՛ն գորովով, այնքան ջերմ սիրով զբաղեցնում էր հոգնած ամուսնուն, որ մեծ վեզիրը գոչեց զմայլած.

— Վկա է աստված, վկա մարգարեն, որ այսքան պատվական ու սիրող կին երբե՛ք չեմ տեսել։

— Եվ այսքան իր կինը պաշտող ամուսին էլ,— ավելացրեց կինը՝ գլուխն ամուսնու կրծքի վրա դրած.— ամուսինս ինձ սիրում է. մենք երջանիկ ենք, գոհ և անտրտունջ, աշխարհի անիրավությունները մեր դռնից ներս չեն մտնում, վախենալով սիրուց, համերաշխությունից, ցավերը խուսափում են, վշտերը հալածվում, մեր բժիշկը սերն է, մեր փրկիչը սերն է…

- Վկա է աստված, կին դու,- խոսեց վեզիրը,— վկա նրա մարգարեն, որ դու իրավունք ունես, չկա ավելի մեծ բժիշկ, չկա մեծ քաջալերիչ, քան սերը, անկեղծ ու վառ, մշտատև սերը, որ իր ժպիտով հերոս է շինում, քարեր է փշրում, արգելքներ ջարդում և որի առաջ աշխարհն անզոր է, ցավը մի թզուկ… Իրավունք ունես, կին դու. ես ա՛յժմ հասկացա, թե մարդուդ ուժը ո՛րտեղից էր: Ուժը սիրո՛ ծնունդ է, և սերն է միակ այն մեծ ուժը, որ կարող է լեռները շարժել, աշխարհը փոխել, բոլոր անիրավություններն անզոր դարձնել և ամեն մի փուշ՝ վարդի փոխանակել…

Ասաց, հիացած ելավ, գնաց և ամեն բան պատմեց հզոր արքային։

Արքան զարմացավ և չհավատաց: Չէր տեսել երբեք անկեղծ սեր, որովհետև երբեք չէ՛ր սիրվել, այլ միշտ վախ ազդել. չէր իմանում նրա ուժը, որովհետև նրան չէին սիրել, այլ շողոքորթել:

- Խելքդ կորցրել ես, տխմա՛ր ծերունի,- գոչեց նա,- մի՞թե կարծում ես, որ Հասանի ուժը հենց դրանումն է: Ո՞վ է ավելի սիրված, քան