Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չունեցողները, մի խորհրդավոր մղումով, կանգ էին առնում, երբ անցնում էր ունեցողը, և գետնի փոշին ու կեղտը լիզելով, երկրպագում էին խոնարհությամբ։

Իսկ դժոխքն ու նրա ոգիները ցնծում էին, որովհետև շուտով վերևում մարդիկ սկսեցին գազանների պես իրար պատառոտել, չարությունն ավելի մեծացավ ու տարածվեց և ստորերկրյա աշխարհի համար անհամար զոհեր պատրաստեց…

Այդ օրվանի՛ց ահա, ոսկյա հորթը կլոր փոքրիկ աստվածների փոխված, շա՛տ ավելի պատկառանքով է խնկվում մարդկության կողմից. իսկ չարության ոգին, շնորհիվ դրան ավելի ուժ ստացած՝ ապականում է ինչ որ լա՛վ է, ինչ որ բարի՛ է…

1898


Անտառը հուզված էր, հուզվա՜ծ մեծապես:

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին…

Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում:

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատոել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել: Այդ անսովոր էր, խիստ անբնական, և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ… արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է՝ դեպի լե՛ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից, արհամարհելով արգելքները, պատռե–