Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտանիքից չորսի մեջ վեց–յոթ սպանված, չոր-հինգ վիրավորն՚եր էին հաշվում։

Մինչ այդ մի խումբ երիտասարդներ, ժողովված ջրհորի եզերքին, մտածեցին արձանը դուրս հանել և նորից իր տեղը կանգնեցնել։

— Ո՞վ կարող է այդ ծանր բանը ջրհորից վեր հանել առանց փշրելու,– գոչեց մեկը։

Փորձեցին նախ կառչող ունելիքներ նետել, բայց արձանն իր ծանրությամբ իջել էր ջրհորի տակ և դեո կիսովին էլ խրվել հողի մեջ։

Մնում էր մի մարդ ներս կախել, արձանը գտնել, չվաններով կապել և ապա փորձել վեր հանելու։

Երկար խորհելուց հետո՝ մեկին իջեցրին։ Ջրհորը խոր էր, ջրով լի։ Երիտասարդը ջրի մեջ ընկղմեց, բայց հազիվ խեղդվելուց ազատված՝ խնդրեց, որ իրեն վեր քաշեն։

Ջուրը սառն էր, գորտերով լի, և արձանը շատ խոր, անմատչելի։

Մտավ մի ուրիշը, ավելի հանդուգնը։ Գնաց ջրի մեջ, հասավ հատակին. շոշափեց, բայց արձանի նշույլ անգամ չտեսնելով՝ ետ եկավ: — Կորսված է, արձանը չկա։

— Կորսվա՛ծ է…

Ինչպիսի՜ սոսկում էր, որ պատճառեց այդ լուրը քաղաքին։ Բանն այն է, որ մերկ կնոջ անհետանալով գժտություն սկսեց ժողովուրդյան մեջ ևս: Ամբողջ քաղաքը սկսեց իրար անցնել։ Մարդիկ միմյանց վրա քայլեցին, իրար հարվածեցին, հայհոյեցին, կռիվ, արյուն և չարիք…

— Արձանը պիտի գտնել, երևան պիտի հանել…— մտածեցին խելոքները։ Երիտասարդները նորից փորձեցին։ Վիճեցին, վիճեցին, հանելու կերպի վրա երկվացան, կուսակցություններ կազմեցին, ապա արձանի հանելու նպատակն երկրորդ պլանի վրա անցավ և տեղի տվավ անձնական հաշիվների…

Վերջապես բոլորը ձանձրացան և մի առ մի հեռացան ոչ միայն ջրհորից, այլև թողին արձանի մասին մտածելը։

Եվ մնաց թաղված արձանը ջրհորի հատակում, չարիքներն էլ մարդկանց սրտերում։ Քաղաքը դարձավ ապականության մի վայր, ուր վարժվում էին միմյանց դեմ դավեր լարելու, միմյանց ոչնչացնելու. եղբայրն եղբոր դեմ էր ելնում, որդին իր հորը, կինն իր ամուսնու և ճգնում էին իրար դավել, խարդախել։ Ամեն ոք, բնականաբար սաստիկ եսասեր, ինքնամոլ, սաստիկ աղտոտ հոգով և աղտոտ սրտով՝ իր շուրջն ավեր էր սփռում անձը պահպանեւու համար, թշվառություն էր սերմանում՝ ինքը միայն երջանիկ լինելու համար. սակայն ամեն ոք անապահով էր այլևս, ավազի վրա էր կանգնեցրած նրա հանգստությունը։

108