Արձանի մասին վաղուց արդեն շատերը մոռացել էին. նրանից մնացել էր միայն ժանգոտ պատվանդանը: Ջրհորն էլ, թողած անխնամ, համարվելով փչացած, թունավոր ճահիճ էր դարձել նախ, գորտերով լցվել, ապա չորացել էր և հուսկ ուրեմն աղբակույտ եղել։
Մնում էր միայն կաղնին, այդ հին կաղնին՝ այժմ ծերացած և ճղակոտոր…
Այդպես անցել էր երկար ու երկար տարիներ, երբ մի օր հանկարծ մի տարօրինակ բան կատարվեց քաղաքում։
Հեռու, քաղաքի վերջին ծայրում, ամենքից ատված, ամենքից կասկածավոր նկատված մի ընտանիք կար։ Մի ծեքունի, որի անցյալը ոչ ոք չգիտեր, մի լռիկ պառավ և երեք որդիք, կտրիճ տղամարդիկ, որոնք հայտնի էին քաղաքին որպես գաղտնի որսորդներ, տարօրինակ նիստուկացով, գրեթե անտառների մեջ մեծացած, դաժան ու լուռ, կոպիտ ու վայրենի։
Ոչ ոք նրանց հետ հարաբերություն չուներ։ ճանապարհին նրանց հանդիպողը վախեցած կամ երես էր դարձնում և կամ շտապում էր հեոանալ։
Ահա այդ նույն ընտանիքը մի օր հանկարծ խմբովին քաղաք մտավ, եկավ վարձելու հրապարակին մոտ գտնվող մի խրճիթ և բնակություն հաստատեց այնտեղ։
Երեք որսորդներն անտառից իջան և, նոր բնակարանում հայտնվելուց հետո այլևս որսի չէին գնում։ Ընդհակառակն, իրենց ծնողների հետ, կաղնու մոտ էին ժողովվում, խոսում էին մեղմ ձայնով, երկար ու տաք, ապա արձանի պատվանդանն էին զննում, ջրհորի շուրջը պտտում և նորից լուռ՝ տուն մտնում, դուռն ետևից պինդ փակում։
Քաղաքացիք սկսեցին սաստիկ հետաքրքրվել այդ տարօրինակ երևույթով։ Նախ հեռվից, ապա գաղտագողի գիշերները, մոտենալով խրճիթի փակված լուսամուտին, աշխատում էին տեսնել, թե ինչով էին զբաղված նրանք։ Երբեմն այդ լրտեսները տեսնում էին խրճիթի մեջ մեծ կրակ վառված, լսում էին մուրճի ու սալի ձայն… և բոլորն այդ էր։
Բայց մի առավոտ, արշալույսը բացվելուն պես, հրապարակի շուրջն եղողները խորին ապշությամբ տեսան, թե ինչպես խրճիթի դուռը բացվեց, նախ դուրս եկան իրար ետևից երեք եղբայրները՝ բահերն ուսերին, կացինը ձեռքերին, իսկ հետո մայրը, ուտելիք առած և հայրը՝ մուրճ
և ունելիքներով…