Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան սառնարյուն իր գործին նայեց, որ վերջապես արձանը երևան հանեց կարծր տիղմի տակից, շուրջը լավ մաքրեց ու ջանաց տեղիցը շարժել:

Արձանն այժմ գտնված էր. մնում էր վեր հանել, տանել պատվանդանի մոտ և այնտեղ կանգնեցնել իր բոլոր մերկությամբ։

Մեծ եղբայրը հաշմվված, գործին անընդունակ էր դարձել, միջնակը հալածողների դեմ կռվի մեջ ընկել էր, հայրը ծերացած՝ բահն իսկ սրել չէր կարողանում, իսկ մայրը հոգնած, ձայնը սպառած, այլևս խրախուսական խոսքեր չէր անում…

Մենակ, այժմ բոլորովին մենակ էր մնացել կրտսեր եղբայրը։ Մի՞թե պիտի հաջողվեր նրան միակ իր ուժով արձանը վեր հանել:

Եվ նա չկասեց: Շարժվեց, հողիցն ազատեց, մեջքը դեմ տվավ, մկանունքը ձգեց, արձանը շալակեց ու սկսեց ջրհորն ի վեր ելնել։

Քաղաքն ամբողջ ժողովված նայում էր նրան։ Ամենքը սառել էին, ապշել, գայլերն իրենց ոռնոցը կտրել էին, բարոյագետները չէին համարձակվում ձայն հանել։ Կամքի մեծ ուժը եթե չէր հաղթել, գոնե լռեցնում էր, հալածողներին պատկառելի հեռավորության վրա պահում։

Ահա շալակեց… բարձրանում է…— հետևում էին երիտասարդի արածին.— ոտն առաջին աստիճանի վրա դրեց… բերում է…

Լուռ, ամբողջապես ուժը կենտրոնացրած, քրտնաթոր, արձանը մեջքին, ոտները, հաստատուն և ծանր, դնելով, գլուխը կախ և առանց ոչ ոքի նայելու, երիտասարդը բարձրանում էր համրաբար։

Ահա այժմ նա չորս աստիճանի վրա է։ Քիչ կանգ է առնում շունչ քաշելրւ, քրտինքն է սրբում, հևում է և նորից ոտքը բարձրացնում։

Լուռ է ամբոխը, սոսկումով լեցված։ Լուռ է քաղաքը, լուռ՝ բնությունն իսկ և այդ խորունկ լռության մեջ լսվում է միայն բարձրացողի շնչառության ձայնը, խռպոտ, ուժեղ մի ձայն, որ թանձրացած շնչառության հետ՝ դուրս է գալիս ջրհորի խորքից։

Եվ նա ելնում է: Ամբոխն այժմ տեսնում է նրան՝ դրսից ներս լցվող աղոտ լույսի մեջ, հին հսկաների նման մկանունքներն ու երակներն ուռցրած, կարմիր, շքեղ գլուխը ողողված լույսով, հանդարտ ելնում է ու ելնում։ Եվ մեջքի վրա արձանը՝ փողփողեցնում է մաքրված թևերն ու մարմինը։

Արձանն երևալու հետ՝ ետ-ետ են քաշվում ամենքը դողդոջուն ու սրտատրոփ։

Եվ սպասում են: Ահա երևաց ելնողի գլուխն արձանի մեծ գլխի հետ։