Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էր եռալ ու տաքանալ։ Արդարությունը սակայն չխղճաց նրան էլ. ո՛չ երևաց, ո՛չ էլ զոյությունը հայտնեց։

Վերջապես, երբ հուսաբեկ և ուժասպառ հասել էր լեռան կատարին, նստեց մի ժայռի վրա և սկսեց մտածել, թե իզուր էր Արդարություն որոնելը, քանի որ խուսափում էր նա թշվառից անգամ։

Եվ երբ այդպես մտածեց, բարկացած հանեց ծոցից սրվակն ու խփեց ժայռին։

— Գնա՛, ոչնչացի՛ր,— զոչեց նա,— իզուր են բոլոր վշտերն ու արցունքները. Արդարությունը թշվառին չի՛ սիրում…

Բայց հազիվ թե սրվակը փշրվել էր, լսվեց մի ահեղ որոտում. հուսած արցունքներից թանձր ծուխ բարձրացավ, փրփրեց, ոլորվեց, և նրա միջից, ահաբեկ թշվառի առաջ, դուրս ցցվեց մի ահեղ հսկա։

Սարսափած թշվառն ընկավ երեսի վրա։

— Ելի՛ր,— կանչեց հսկան մեծաձայն,— ելի՜ր և մի՜ վախենա։

— Ո՞վ ես դու, ահե՛ղ ոգի,— հարցրեց թշվառը։

—Ե՞ս,— գոչեց հսկան,— ես Բողոքն եմ, որ ծնա այդ թափած արցունքներից և որ պիտի աշխարհ բերեմ անհետացած Արդարությանը… Նայի՜ր…

Ապա արշալույսի կարմրորակ լույսի մեջ ցցվեց հսկայի վեհ հասակը, դարձած դեպի բարձրությունները, ուր սկսել էր մի փոթորիկ և ուր գետինն ամբողջ դողում էր դղրդյունով։

Եվ հեռուն, հսկայի պարզած ձեռքի կողմը, մի կույտ մաքուր ամպերի բացվածքից, երևան եկավ թաքնված Արդարությունը՝ խորունկ, տխուր հայացքով, առանց կշեռքի, առանց մեծ սրի[1] :

—Ե՛կ, Արդարություն,– կանչեց Բողոքը,– ես ծնվել եմ, և իմ ձայնը թող քեզ համար կշեռք ու սուր դառնա. ե՛կ, Արդարություն…

Բայց Արդարությունն անշարժ ու տխուր՝ նայեց նրան, նայեց թշվառին և ասաց.

—Դեռ ո՛չ… դեռ դու փոքր ես. գնա, քայլի՛ր, կուտակի՛ր արցունք, կուտակի՛ր վշտեր, մեծացիր, որպես օվկիան, կատաղի՛ր որպես հեղեղատ, և այն ժամանա՛կ միայն ես կգամ իմ սրով և իմ կշիռով…

Ապա ամպը սահեց, և Արդարությունը նորից անհետացավ իր անմատչելի բարձրության մեջ…

  1. Հնում Արդարությունը նկարվում էր որպես մի դիցուհի, աչքերը կապած, մի ձեռքին սուր և մյուսին՝ կշեռք: