Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սփռելով դաշտ ու ձոր, ջարդեց, սրամաշ արավ ամեն ինչ, տակնուվրա դարձրեց ամեն բնակություն, և այդպես առաջ էր գնում՝ հուսալով բռնել Արդարությանը։

Նրանից հետո ճանապարհ ընկավ Արդարությանը որոնելու մի շատ հարուստ մեծատուն: Ոսկի ու արծաթ, զարդ ու զարդարանք բարձեց ուղտերի և, վստահ իր ոսկու վրա, տնից դուրս եկավ։ Ասում են, որ մի քանի հատ էլ սիրուն կանայք վերցրեց, որ ոսկու փայլի վրա գեղեցկության հրապույրն էլ ավելացներ:

- Կտեսնեք,- պնդում էր նա,— Արդարությանը ոսկովս պիտի գնեմ, կանանցով պիտի գրավեմ և, սնդուկիս մեջ դրած՝ պիտի մեջտեղ բերեմ։

Այդպես էր ահա, որ բռունցքն ու ոսկին գնացին Արդարությանը որոնելու… Եվ դեռ գնում են։

Թող գնա՜ն:

Տեսնենք այժմ, թե ո՞վ էր այն երրորդ անձը, որ խեղճ ու կրակ, ցնցոտիք հագին, ճակատը վշտերով խոր-խոր ակոսած, մտածեց ելնել Արդարությանը որոնելու։

Ասենք ազնվականը սուր ուներ, հարուստը՝ ոսկի. իսկ սա ի՞նչ ուներ, ինչո՞վ պիտի գտներ Արդարությանը։

Թշվառն էր դա։ Բոլոր ընծաների փոխարեն էլ տարածն էր մի չնչին սրվակ, որ ամուր կերպով սեղմել էր կրծքին և համառությամբ ճանապարհ ընկել։ Բանն այն է, որ սրվակը լցրել էր մի չլսված հեղուկով։ Որբից մի արցունք, ընկածից մի հառաչ, գործավորից մի դառը քրտինք… Մի խոսքով, վշտերի արցունքներից մի-մի կաթիլ ժողոված, լցրել էր շիշը, պինդ փակել և կարծում էր, թե տարածն անշուշտ պիտի գրավեր Արդարությանը։

Ու քայլում էր։ Անցնելով մեծ-մեծ քաղաքներից, խուլ, հեռավոր գյուղերից, քայլում էր անխոնջ, ձորեր ցած իջնում, լեռներն ի վեր ելնում, ամեն քայլափոխին էլ կանգ առնելով գոչում.

- Ո՞ւր ես, Արդարություն։

Արդարությունը չկար։ Ո՛չ երևում էր, ո՛չ էլ ձայն տալիս:

Անոթի, ծարավ, հոգնած, վշտալից, երկար թափառեց թշվառն ամեն ուղղությամբ, սրտի վրա սեղմած ունենալով սրվակը, որի հեղուկը սկսել