բաժանմունքներ, կանգնեցրեք շենքեր… Այդպես, տարիներով, երկրի ամբողջ ուժը գործադրեց իր հաճույքի համար միայն: Ոu պարտեզը շինվեց մե՜ծ շքեղությամբ, անծայր մեծությամբ: Հրամանովը պեղված ու բերված ջրերը ոռոգում էին նրան, ջրվեժները զովացնում օդը, բազմաթիվ շատրվաններ` անուշ խոխոջով, մեծ-մեծ լճակներ՝ սիրուն փայլփլումով հիացնում էին ամենքին: Եվ արքան հպարտ` շրջում էր նրանց մեջ, հրճվում իր գործով:
Բայց եղավ մի օր, որ շատ հեռավոր, անհայտ լեռներից եկավ մի առվակ, ով գիտե ինչպե՛ս, որտեղից, ներս սպրդեց, գտավ հզոր արքայի հողերն ու մտավ նրա կառուցած մեծ պարտեզի մեջ:
Իմաց տվին արքային նոր հյուրի գալստյան մասին:
Թագավորը ծիծաղեց հրճվանքից:
— Ինչ կա,— ասաց նա,— բարի լինի գալուստը, իմ գործե՛րն են գրավում այդպես. թող գա վտակն ու ջրի պարտեզը:
Տեղ տվին առվակին. ճանապարհը հարդարեցին, թողին, որ հոսեր նա, ծորար պարտեզի միջով, մտներ-ոռոգեր ծառերը դալար, շշնջար բույսերի հետ, գգվեր ծաղիկներին…
Բայց տե՛ս, թե ի՞նչ եղավ հետո:
Բանն այն է, որ անկոչ հյուրը սկսեց քիչ-քիչ մեծանալ:
Աննշմարելի նախ՝ առատացավ, գետակի փոխվեց, և ապշած արքան ու պալատականները մի օր էլ տեսան, որ աննշան, հեռու տեղերից եկող այդ հյուրը սկսել էր ի՛նքը միայն ողողել ամբողջ պարտեզը, ծածկել ջրվեժ, շատրվան, հետո մինչև իսկ դուրս սողալ պարտեզից և գնալ հպատակների արտերին ջուր տալ:
— Վա՜յ,— գոչեց թագավորը,— հյուրին շա՛տ երես տվինք, այժմ մեծանում է և սահմանն անցնում:
Եվ իրավ, նոր հյուրը խոշորանում էր միշտ, վազքն արագացնում, շշուկը մեծացնում, հոսում էր արագընթաց` պարտեզի միջով, ապա կամաց-կամաց ամեն ինչ ողողում, տակովը տալիս, շենք ու ծառի շուրջ լճեր գոյացնում, խեղդում-տապալում և գնում էր խաղաղությամբ ջրելու հպատակների արտերն ու պարտեզ:
Եվ մինչ արքայի պալատ ու այգի այդ ջրի տակ թաղվում փլում էին, դրսում հպատակների կյանքն այդ միևնույն ջրով աճում էր, բարվոքվում:
Արքան սկսեց բարկանալ: Բայց քա՛նի բարկանում էր, առվակն այնքան աճում էր, խոշորանում և գետի փոխվում: