Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Վռնդե՛լ այդ անկոչ հյուրին, դո՛ւրս նետել նրան իմ հողից, իմ տերությունից…

Հրաման տալը հեշտ էր իհարկե, միայն թե ինչպե՜ս կտրել մի գետի առաջ, որ հոսում էր արագավազ, մեծանում անընդհատ, իր համար հող գրավում և տիրապետությունը տանում-տարածում:

Արքան հրամայեց ամեն միջոց գործ դնել, միայն թե գետ դարձած առվակին հողից վռնդել, պալատն ու կայքը նրա ողողումներից ազատ պահել:

Հավաքվեցին իշխան-պալատական, զորք ու զորավար փորձեցին գետի հեղեղատը փոխել, հսկա ամբարտակներ դեմ տալ նրա ընթացքին, հեռուներում ցրել նրա ուժը, գոնե կտոր-կտոր անել: Բայց առվակը գալիս էր սահմանի այն կողմից, և երբ այս կողմն ամբարտակներ դրին, հոսող ջուրն ուռավ, անցավ ամեն բանի գլխով, փլեցրեց նրանց ու ավելի կատաղի, ավելի ուժով հոսեց` ողողեց պալատ ու պարտեզ, շենք ու ամրություն…

Այն ժամանակ արդեն արքան լուր ուղարկեց դրացի երկրին:

— Երկրիցդ,— հրամայեց ասել նա այն երկրի արքային,— մի անամոթ հյուր է եկել ինձ, որ նախ փոքր էր, հետո մեծացավ և այժմ ողողել է ամեն ինչ, քանդել պալատներս։ Կամ նրա դեմը փակի՛ր և կամ ճանապարհը փոխիր, դեպի անապա՛տը դարձրու:

Դրացի թագավորը երբ լսեց այդ, ծիծաղեց, տարավ եկողներին իր հողերը ցույց տվավ և ասաց.

— Ինքներդ տեսեք այժմ. իմ պալատներն էլ այդ միևնույն հյուրը ողողել է, քանդել, փորձեցի և ես փոխել նրա հեղեղատը, ամբարտակ դնել, բայց նա ամեն արգելք տապալեց և այժմ լիճ է շինել պալատներս, իր սեփականությունը դարձրել երկիրս: Նա չէ բխում հողերիս միջից, որ աղբյուրը փակեմ և երկրիցս դուրս վռնդեմ, գալիս է նա ուրի՛շ երկրից, իմ սահմանի այն կողմի լեռներից:

Այն ժամանակ հզոր արքան մարդիկ ուղարկեց մյուս տերության մեջ, ապա ավելի հեռուն, և այդպես չկարողացան հասնել առվակի ակունքին, որ բխում էր շա՜տ հեռու, անհայտ լեռներից, մեծանում էր անցած տեղերում, ողողում ամեն երկիր, պալատնե՛ր քանդում, դաշտեր ծաղկեցնում:

Զրույցը չէ պատմում, թե վերջն ինչ եղավ: Միայն ավանդությունն ասում է, հզոր թագավորը շինեց մեծ-մեծ ամբարտակներ և թումբեր գետի դեմ, բայց բոլորին էլ առվակը ջարդեց ու անցավ:

Եվ քանի նրա դեմ թումբ էին դնում, նա այնքան ավելի ուժ էր կուտակում,