Էջ:White Varsenik.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կընկալ երկյուղածությամբ մը կհարգեին Այիշեի ննջող մարմինը։ Օդին մեջ ջղաձգորեն կդողային ձեռքերը ու չէին համարձակեր դպիլ իրենց ցանկության առարկային:

Գիշերվան կիսալույսին մեջ՝ իրապես վտանգավոր էին այդ հուզում են ճերմակ ու խոշոր ձեռքերը։

— Այի՛շե, Այի՛շե,— բարձրացուց ձայնը։

Բարձին վրա հեղեղին պես հորդած էին վարսերը ու վերմակը նետած ըլլալով, կիսամերկ մարմինը կերևեր դյութիչ գեղեցկությամբ մը։ Պառկած էր գրեթե որովայնի վրա ու վարդագույն շապիկեն դուրս կցատկեին կլոր ու աղվոր կուրծքերը։ Լուսնի լույսին մեջ արձանային խաղաղությամբ մը կցոլար սիրուն, պզտիկ ոտք մը, մերկ սրունքը և ազդրին մեկ մասը։ Խենեշ, հանցավոր և տառապագին հաճույքով մը կշընչեր այդ հրապուրիչ մարմնին բույրը ու վայրագ ցանկությամբ մը կտենչար զայն։ Կուզեր գրկել զայն բազուկներուն մեջ, կարծելով, թե կիրքը կհանդարտի, կարծելով, թե կրնա բացատրել կնոջ մարմնի մը վտանգավոր դյութության գաղտնիքը։

Խոշոր գլուխը ծռեց ու դողահար շրթունքներով համբուրեց Այիշեի ծոծրակը, գունատ շրթունքներով համբուրեց ծիծերուն սկզբնավորությունը, անհագուրդ շրթունքներով համբուրեց թևերուն մեջ արթնցող այդ տաճիկ կնոջ անուշ բերանը։ Խոլ ցանկությամբ մը նայեցավ անոր նորաբաց աչքերուն: Ու այդ մահմուր աչքերուն խորունկը երկվայրկյանի մը մեջ տեսավ հեշտության ծիլ առ ծիլ ծաղկիլը, վախի փայլատակումե մը հետո։ Հայնժամ գլուխը թաղեց անոր մարմարյա ու զվարթ կուրծքերուն մեջ ու մթին կատաղությամբ մը լացավ, նուրբ սիրով մը անոնց սև պտուկները համբուրեց։ Երակներեն կվազեր խելագար ու ջերմին արյուն մը, ազդրերուն մեջ այդ արյունը բարակ խարազանի խուրձերու պես երանքները կծեծեր, գոռալեն կսուրար, կվերադառնար ու կրկին երանքները կխարազաներ։

Խուլ, անխզելի, անդրերկրային լռության մեջ կլսվեր լոկ իր լայն ու զորեղ կուրծքին հևքը։

Այի՛շե, Այի՛շե, դո՞ւն ես, թե ուրիշը։ Խոշոր-խոշոր, մահմուր, թավշային աչքերուդ խորունկը հեշտությամբ կվառի սև բոցով մը։ Կուրծքերդ զով են, նոր փրցված ու ցողաթաթախ տանձերու պես։ Հայացքդ խումար-խումար՝ վրեժխնդիր շեղբի