սահանքով մը աղդրերուն իջնել, սիսեռի մեծությամբ պենկ մը կար, սև պենկ մը վրան սրսփուն մազով մը։ Այդ չնչին հիշատակը բավեց, որպեսզի արյունը թունավորվի հեշտությամբ։ Խոլ մտածումներ խուժեցին մտքին մեջ։ Ձեռքին հակառակ կողմով աչքերը շփեց, թոթվեցավ ու դիտեց քնացող հարմանը։ Կես գիշերը անցած էր։ Մեծ ու սպիտակ լուսնակ մը կշողար անափ ու տարապայմանորեն խաղաղ հեռանկարին վրա։ Թեղի մը տակ, գործի հագուստներով քնացած ըլլալուն համար, զարմանալու ժամանակ իսկ չունեցավ։ Բնազդաբար կալը ճեղքեց ու իջավ վարի ճամբան։ Ամբողջովին այդ շվայտ երազին իշխանության տակ՝ մարմինը կքալեր գիշերվան խաղաղության մեջեն, միաժամանակ տանջվելով անհագ մնացած սիրո ծարավե մը։
Բարեբախտաբար այդ տունը կգտնվեր հայկական թաղին եզերքներուն վրա։ Ձախ ձեռքը զետեղեց ցանկապատին վրա ու զայրալից արագությամբ մը մարմինը նետեց պարտեզ։ Ու նույն լուսնկան մեկեն լուսավորեց իր գունատ դեմքը։ Ռեհանի անուշ բուրում մը զարնվեցավ ռունգերուն ու քիչ մնաց իյնար գետին՝ դդումի մը պատճառավ, որ ածուի մը եզերքեն աստղերը կծաղրեր։ Թռչունները անգամ ննջած էին, միջատները անգամ խեղդված էին խոտերուն մեջ։ Անապակ, գաղջ, մեղսակից գիշեր մըն էր։ Միայն սիրտն էր, որ գնչու կիներու թեֆերուն պես անմտորեն կաղմկեր։ Ուսով տնակին դուռը հրեց ու մութ նրբանցքը թեթևորեն լուսավորվեցավ։ Քալողը այդ ապերասան, այդ քուն և արթուն մարմինն էր, որ շան մը պես կհիշեր ու կվերադառնար իր ձգած հետքերուն վրայեն, իր հին մեղքին։
Սանդուխները բարձրացած ատենը ժամացույց մը հնչեց։ Աստիճանի մը վրա կեցավ ու շնչեց տան ներքին բուրումը։ Շան աղջկան տունը կյուլ-սուեու և գերան կբուրեր։ Տաճիկ տան քաղցր անհավատություն մը կբուրեր։ Կամաց մը սենյակի մը դուռը բացավ ու կրկին նո՛ւյն լուսնկան եկավ իր գունատ դեմքը պագավ, դեմքին բիրտ ու գազանային երեվույթը գիշերային ցոլքով մը օծեց։
— Այի՛շե,— հծծեց ծունկի եկած՝ ցած անկողնին մոտ, շնչելով անոր վարսերուն ու մարմնին բույրը, — Այի՛շե...
Ողջ մարմնով կցնցվեր ու այսուհանդերձ ձեռքերը անա-