Jump to content

Էջ:White Varsenik.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ, քիչ հետո, տեսավ աննկարագրելիորեն գեղեցիկ գլուխ մը ու ճչաց։ Ու ճիշտ մեջքին վրա, հոն՝ ուր կնոջ մը մարմինը կսկսի ճկուն կորությամբ մը, դյուրին սահանքով մը ազդրերուն իջնել, սիսեռի մեծությամբ սյենկ մը կար, սև սյենկ մը՝ վրան սրսփուն մազերով մը։

Անտարակույս չըսվելիք, չըլլալիք բաներ կան կյանքի մեջ։

Զարմանայի, ղապատայի աղջիկ մըն է՞ր թե ոչ այդ շուն Այիշեն։ Բառ մը, անտերունջ բառ միսկ չըսավ, զարմանքի բացականչություն միսկ չարձակեց։ Շնչակտուր լռությամբ մը ընդունեց իր քմահաճույքը։ Ու ի՛նչ որ տարօրինակ էր, կարծես կզգար, թե գիշերվան այդ ժամուն, իր մարմնին վրա ուրիշ մեկը կսիրեին։

Քանի՞ ժամ ու ի՜նչ խոլ ժամերով հապաղեցավ անոր մահիճին մեջ։ Ոսկորները կճարճատեին սիրո անհագ ծարավեն։ Երբ արթնցավ գլուխը Այիշեի որովայնին վրա, գիշերը մոտ էր իր վախճանին։ Արագությամբ հագուստները հագավ ու քինախնդիր լռությամբ մը կուզեր հեռանալ։ Այիշե մերկ բազուկներով գրկեց իր լայն ուսերը ու քաղցր, կարծես հարեմի թրքերենով մը ըսավ.

— Կամաց իջիր, ամա՛ն, այդ ծեր կնիկը չարթննա...

Ուսերը ցնցեց, բայց տաք ու հաճելի էին Այիշեի բազուկները պարանոցին շուրջ։ Թեթև մը դողաց, հանցապարտորեն դողաց ու մտովի կուզեր երդում ընել, այլևս այս պյուկյունի աղջկան քով չվերադառնալու, բայց պարանոցին վրա, ականջին քով, ականջին վրա՝ մեղմ, հպանցիկ համբույրի մը ջերմությունը զգաց ու լսեց Այիշեի զվարթ ու սիրտ արյունող ձայնը, որ նո՛ւյն կիրթ, նո՛ւյն կարծես հարեմի թրքերենով կըսեր, թեթև կատակով մը փորձելով ծածկել հայտնած դառն ճշմարտությունը։

— Եթե տխուր ըլլաք՝ նորեն եկեք, պե՛յս...

Ու անշուշտ նորեն գնաց՝ այն ամրան ամբողջ ընթացքին, մինչև որ ծերունի թրքուհի մը՝ պզտիկ նվերի մը համար, եղելությունը բերավ ախոռ, Սահակ աղային ոտքը։ Սահակ աղա նախ խոշոր, պատեն կիր թափող խնդուք մը արձակեց։ Պեխերուն մեջեն խնդուքը կճաթեր ու զվարթ, խենթ գանգյուններով կզարնվեր պատերուն։ Զիլ մը հետո սակայն, բարակ