Jump to content

Էջ:White Varsenik.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցավ մը մտավ փորը։ Տնտնալեն, պեխերուն մեջ մրթմրթալեն՝ դուրս ելավ ու ծանրաքայլ եկավ տուն։ Աղսաբեթ հանըմ սարփինային տակ նստած, պղնձե կլայեկած ափսեի մը մեջ սիսեռ կմաքրեր։ Աչքերը դանդաղորեն բարձրացուց ու նայեցավ իր մարդուն։ Ակնոցները քիչ մը սահեցան քթին վրա ու մեկեն ակնարկը պղտորեցավ։ Դեմքը հաճելի ոչինչ կխոստանար, Սահակ աղայի այդ հանդիսավոր օրերու դեմքը։

— Քա կնիկ,— ըսավ Սահակ աղա՝ թեզպիհին հատիկները գլորելեն,— այդ Այիշեն գիտես յա՜, Գարաճա Ահմետին որբեվայրին...

Աղսաբեթ հանըմ ափսեն դրավ սեղանին վրա, ակնոցը հանեց, անգամ մը ևս նայեցավ իր մարդուն ու գունատեցավ։ Ձեռքերը ծունկերուն վրա կնմանեին ճերմակ ու թոշնած ծաղիկներու, կնմանեին մասունքի։

— Ադ ղահպեն,— ավելցուց,— ադ մահմետական քածը Համրիչին հատիկները, սաթե դեղին հատիկները կարկամ մատներուն մեջ կգլորեին։ Ստորերկրյա, խուլ զայրույթն ու կնոջ հանդեպ ունեցած հարգանքը կվիճեին իրարու հետ: Գլուխը կախեց կուրծքին վրա ու երկարորեն լռեց։

Տոթ ու ծանր էր հետմիջօրեն, ծառերուն կատարները անգամ չէին դողար։ Ճպուռ մը պարտեզին խորունկեն կերգեր: Սարգիսին երիտասարդ կինը դույլ մը ձեռքը՝ տանեն դուրս ելավ ու ուղղվեցավ փողոց։ Աղոտորեն կլսվեր դրսի աղբյուրին կարկաչյունը գուռին մեջ։ Տան շունը եկավ ու պառկեցավ Սահակ աղայի ոտքերուն առջև։ Աղսաբեթ հանըմ ափսեն վերցուց ու փորձեց շարունակել կես ձգած աշխատանքը, բայց անձկութենեն ձեռքերը կդողային։ Իր մարդուն շրթներեն կախված՝ կսպասեր անակնկալ մտահոգության մը, տառապանքի մը, որ անխուսափելի կթվեր այժմ։ Սահակ աղա բարձրացավ սակայն՝ առանց շրթները բանալու, համրիչը աջ ձեռքին մեջ գլորելեն ու ուղղվեցավ դուրս։ Անշուշտ միտքը փոխած էր։ Կռնակեն՝ հասակը կքած էր այլևս, գլուխը բոլորովին ալեհեր ու քայլերը դողդոջ էին։ Պարտեզին բաց դրան առջև երկվայրկյան մը մտախոհ կեցավ, կրկին միտք փոխեց, վերադարձավ սարփինային տակ ու դժվարությամբ ըսավ.

— Գլոխնուս պելա մը պըտը բերե օր մը, կըսեի նե, ականջ չէիր կախեր...