էր, տաքուկ ձայնով մը երգ մը կսորվեցներ։ Քովը Ճեվելեկին Կարպիսը, որ իրմե քիչ մը մեծ էր, ճանճ կբռներ ու կթռցներ։ Իսկ ինք կուզեր երգել՝ այդ անուշ երգը։ Փիճը կեցած տեղը հանգիստ չէր կենար որ... Ու ճիշտ այդ ատեն գեր, կանաչ, սիրուն ճանճ մը թառեցավ իր ձեռքին։ Ձեռքը թոթվեց ու քշեց զայն, բայց ճանճը վերադարձավ։ Ու ինք քանի քշեց, այնքան ճանճը համառեցավ թառիլ ճակտին, գլխուն, կզակին վրա։
— Տինինի...
Ըսելու վրա էր, երբ ճեվելեկին ափը թեթև մը գոցեց ու փայլակի արագությամբ որսաց զայն, իր կզակին վրա։ Արյունը գլուխ ցատկեց ու առանց ձայն հանելու ելավ ու պուկին չոքեցավ, եղունգները գրեթե մխրճեց անոր դեղին մսին մեջ։ Ճեվելեկ Կարպիս պոռաց ու հանկարծ վիզը հաջողեցավ ազատել ու քարետախտակով իր գլուխը պատռեց։ Բայց լեցուն ու ճերմակ ուսուցչուհին, տիկին Վարդանուշ բաժնեց զիրենք։ Կարպիսը պատին առջևը կեցուց, ձեռքերը կռնակը ու իր ձեոքեն բռնելով տեսչարան տարավ, արյունը կեցուց, ճերմակ լաթով գլուխը կապեց։ Անուշ-անուշ բաներ ըսավ, որ ինք չէր հասկնար։ Փափուկ ձեռքերով գլուխը շոյեց, կզակը իր կակուղ ափին մեջ բռնեց ու խնդաց ու որովհետև ինք նույն գեշ հայացքով ու քիչ մը վախցած կնայեր անոր կապույտ աչքերուն, տիկին Վարդանուշ գրկեց զինքը: Ծունկերուն մեջ սեղմեց, իր պզտիկ տղու մեծ գլուխը դրավ լեցուն կուրծքերուն միջև ու վերստին անուշ-անուշ բաներ ըսավ, մաքուր հայերենով մը, որ ինք չէր հասկնար։Բայց ի՜նչ հաճելի էր այդպես կենալ։ Տարիներ հետո դեռ կհիշեր, որ իր մերկ սրունքներն ու ծունկերը կզգային անոր ազդրերուն ջերմությունը ու գլուխը այդ երկու փափուկ կուրծքերուն միջ՝ կարծես մոռցած էր ստացած վերքը։ Հետո այդ տարիքին հարմար բա՞ն մըն էր միթե ըրածը։ Գլուխը դարձուց ու երեսը դրավ ճիշտ այդ կուրծքերուն միջև ու շնչեց անոնց մաշկի հոտը։ Այժմ իսկ ամոթ կզգար խոստովանելու, որ չէր մոռցած գարնանային այդ օրվան արկածն ու իր զգացած հաճույքը մանկապարտիզպանուհիին ծիծերեն, ծիծերուն փափկութենեն ու առանձնահատուկ բույրեն։
Աղե՛կ, գեթ ամբողջ պատահածը այս ըլլար։ Տարիներ հետո, հավանաբար տասներեք տարեկան մը կար ինք, երբ