Էջ:White Varsenik.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


զգար ատիկա, գուցե նաև կզգար։ Համենայն դեպս ափերուն մեջ իր գլուխը սեղմեց ու քաղցրությամբ համբուրեց զինքը։ Դեմքին վրա անոր ջերմին շրթներուն համբույրը հազիվ զգացած էր, երբ մեքենաբար աջ ձեռքը դրավ անոր շապիկին մեջ ու ափը հանգչեցուց աջ ծիծին վրա։ Երակներեն արյունը կարծես էլեկտրական հոսանքի մը պես կվազեր։ Դողալեն ոտքի ելավ ու ակնարկը կախած ուղղվեցավ դեպի դուռը։ Ու ինչ որ տարօրինակ էր, իրեն թվեցավ, թե իր այդ զարտուղի արարքը տհաճելի չէր այդ դեռ երիտասարդ կնոջ։

Այդ դեպքեն հետո՝ մինչդեռ ամեն հանդիպում տիկին Վարդանուշ տարօրինակ ու անբացատրելի քաղցրությամբ մը կժպտեր իրեն, ինք կջանար պատրվակով մը հեռանալ։ Ցայժմ չէր համարձակեր անոր աչքերուն նայիլ, գարնան առտվան մը ընթացքին տեղի ունեցած, այդ անմիտ արարքին պատճառավ ու տեսակ մը անորոշ ոխ կար հոգվույն խորը, տեսակ մը քեն, արտառոց զգացում մը վերջապես, որ կնախընտրեր չփորփրել, եղածին պես թողուլ։

Տարիներ հետո գրեթե մոռցած էր այդ դեպքը, երբ օր մը Վարսենիկին հասակին ի տես, բոլոր մանրամասնությունները հիվանդ ուժգնությամբ մը վերադարձած էին։ Այժմ չէր կրնար Վարսենիկը դիտել, առանց հիշելու այդ կուրծքերը ու կարծես ձեռքը կպատրաստեր նույն մեքենական ու անզսպելի շարժման։ Զայրույթով ձեռքերը գրպանը կխոթեր ու կհեռանար, քաղքի խոշոր հայհոյություն մը գլորելով։

Դիմացը Թաքսիմի պարտեզը աստիճանաբար կլենար։ Քիչ մը զարմացավ, ինքզինքը գտնելով հոդ, այդքան երկար ճամփորդութենե մը հետո։ Դանդաղորեն խրեցավ պարտեզին խորունկը, ափերուն մեջ սեղմելով՝ ոսկի թիթեռնիկի մը պես, որ կխեղդվի, այդ զարտուղի երազներուն ու հանցավոր հիշատակներուն մոխիրը։ Մինչև ո՞ւր գացած էր և ո՞ւր վերադարձած հանկարծ։Իրիկունը կվառեր ծառերուն կատարները ու պողոտայեն կլսվեր հանրակառքերուն հանած աղմուկը: Ծառի մը տակ կեցավ ու անցնող հանրակառքի մը միջոցին մեջ բեկոր առ բեկոր ձուլվող աղմուկեն ուզեց գուշակել, թե ո՞ւր կերթար, Բերա՞, թե Ֆերիգյուղ։ Հանկարծ զայրացավ սակայն ու քրթմնջեց.

— Որ Տեհեննեմը կուզե թող սիքտիր ըլլա եըթա...