Jump to content

Էջ:White Varsenik.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը, շատ խորունկ ու շատ զվարթ բան մը միաժամանակ։ Այդ նույն ներքին ճառագայթը կթափառեր շրթունքներուն վրա։ Զմայլելի թեթևություն մը, հրապուրիչ շնորհ մը, ակնհայտնի ուրախության մը հետ, քաղցր ուրախություն մը կար վրան։ Անսեթևեթ ազատությամբ մը, որ պարզապես անընդօրինակելի կթվեր իրեն, բոլոր տունը եղողներուն ըսելիք հաճելի խոսք մը գտավ Հելեն, թռչունի մը պես ճռվողեց, արդեն ընկերային դիրք ունեցող երիտասարդ կնոջ մը պես լուրջ քաղաքավարություններ ըրավ, շնորհալի շարժումներով հմայեց բոլորը, կատակեց, ժպտեցավ, ֆրանսերենը խառնեց հունարենին, չարաճճի խեղկատակությամբ մը մեկ քանի հայերեն բառեր նետեց ասդին անդին ու ի վերջո ընդհանուր զվարթության մեջ, զինքը խլեց տարավ դուրս։ Վազելեն վար իջան սանդուխներեն ու հազիվ փողոց ինկած քաղաքին կիրակնօրյա աղմուկին հետ, ետմիջօրեի գաղջ ու թռչուն լույսը դիմավորեց զիրենք։

— Ո՞ւր պիտի երթանք,— ըսավ Վարսենիկ՝ իր մութլեղակագույն աչքերը բարձրացուցած,— մորաքույրս դժվարությամբ հրաման տվավ, եթե չգայիր՝ կարելի բան չէր, որ զիս մինակ ձգեր...

— Բոլոր մայրերն ու մորաքույրերը այդպես են,— ըսավ Հելեն ժպտուն կարկաչելեն,— իրենց երիտասարդության ժամանակ աղջիկները առանձին դուրս չեն ելլեր եղեր, այս չեն ըներ, այն չեն ըներ եղեր։ Ուո՜ւ,— ըսավ բերանը կլորցնելով, — երբեք երիտասարդի մը ուղղակի խոսք չեն ըներ եղեր։ Աշխարհի վերջն է, աշխարհը կործանի պիտի, Վարսենիկ, պատիվ, ամոթ, հարգանք չէ մնացած որ...

Իր նուրբ մարմինը ծռելով մտավ Վարսենիկի թևը, երկվայրկյան մը լռեց, շունչ բռնեց, սալահատակին եզերքը կեցավ ու ցած ձայնով ըսավ.

— Իրիկունը ժամադրություն ունիմ ժանին հետ, այս անգամ ձեռքես չես ազատիր, պիտի ներկայացնեմ քեզի ու կարծիքդ հետո պիտի ըսես...

Կհուզեր բողոքել, բայց չհամարձակեցավ։ Աղվոր արև մը կար փողոցին մեջ։ Պատե մը եղրևանիի ճերմակ ողկույզներ կժպտեին, արձակելով թեթև բուրում մը։ Թուրք նրբահասակ ու վայելուչ երիտասարդ կին մը անցավ քիչ մը հեռուեն։ Շըր