Jump to content

Էջ:White Varsenik.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քը,— ավելցուց ժպտուն,— քիչ մը լիրբ են։ Երբ Աթենք էի, գիշերները կվախնայի դուրս ելլել։ Մութը ինկածին պես, չես գիտեր, որ անկյուններեն հարյուրներով դուրս կթափին ու կարծես ուրիշ գործ չունին անպիտանները...

— Բարեբախտաբար չեն մոտենար,— ըսավ ինք ամըչնալով։

— Աթենք երբեմն կմոտենան ալ ու եթե ժպտիս՝ ալ չես կրնար ձեռքերնուն ազատիլ, ապուշ-ապուշ կխոսին կամ խայտառակ բաներ կըսեն...

Կուզեր հարցնել, թե ի՛նչ կըսեն, բայց հիշեց քաղաքն ու իր անցքին վրա լսած փսփսուքները։ Կրկին Գող֊Տոնիկն ու իր ընկերները, հիշատակին խորւլնկեն ելած ու իրենց քյուլճանպեյիի քայլվածքներով տերմենին մոտերեն սահեցան գացին։ Հիշեց այն երեկոն, երբ առաջին անգամ ըլլալով հստակորեն իմացավ, որ քաղքին տղաքը իրեն «Ճերմակ Վարսենիկ» կըսեն։ Երեք տարի հետո՝ դեռ վերքը բոլորովին չէր բուժված։ Մնաց որ ամեն քաղաք երթալուն կհանդիպեր նույն տղոց ու անոնց աչքերուն խորը նույն անախորժ ու միաժամանակ խռովիչ ակնարկներուն, անոնց շրթներուն վրա նույն չարտասանած, բայց այնքան զգալի բառերուն, որ լալու չափ կզայրացնեին զինքը,— ճերմակ Վարսենիկս։

— Անգամ մը,— շարունակեց Հելեն,— Պիրէոն՝ նավահանգիստը, ընկերուհիի մը հետ կպտտեինք, երբ երկու երիտասարդներ մոտեցան ու խոսք ուղղեցին մեզի։ Ընկերուհիս, որ ազատամիտ աղջիկ մըն էր, ծաղրեց զիրենք, բայց օձիքնիս չձգեցին։ Ստիպված բազմամարդ փողոց մը ուղղվեցանք, բայց ճամբան՝ այդ սրիկաներեն մեկը քիչ մնաց, որ զիս գրկեր ու համբուրեր։ Այն տեսակ խոսքեր կըսեր, որ ամոթես կաս֊կարմիր կտրեցա ու պոռացի...

Ուրախ, շաղակրատ, գարնանային բազմություն մը կար Փըթի-Շանի ձմեռային թատրոնը շրջապատող պարտեզին մեջ։ Փողոցը անանցանելի ըլլալու աստիճան լեցուն էր։ Թեանցուկ մտան պարտեզ ու գարունը, իր քաղցր ու թեթև ալիքներուն վրա գրկեց ու տարավ զիրենք։ Ծովային բարակ հով մը կար ծառերուն շուրջ, Պոլսո անուշ հով մը, որ քիչ մը գուցե Արևելքը կբուրեր, նավահանգիստ ու արևելյան փողոց կբուրեր։ Այսուհանդերձ սիրուն հով մըն էր, որ թևերուն