Jump to content

Էջ:White Varsenik.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մայրը օր մը խնդալով ըսած էր, անցյալ տարի՝ ամրան արձակուրդին.

— Մա՛րդ Աստծո, ուրիշ բան մը գիտես նե, ան ըսե, ատ երգդ տասնհինգ տարի է նե՛ կեվելնա, նե կպակսի։ Շարականները պիլե տասը տարին անգամ մը եղանակ կփոխեն...

— Էո՛յլե յա,— ըսած էր հայրը,— Եղիա Մարգարեին ամանի յուղին պես է, էղածին պես կմնա, նե՛ կեվելնա, նե՛ կպակսի...

Հաջորդ կիրակի օր սակայն, մոտավորապես նո՛ւյն ժամուն, աղվոր մը խաղի բերած էր զիրենք։ Մայրը և ինք սեղանը վերցնելու վրա էին, երբ հայրը գնաց հայելիին առջև։ Արշավիր, որ արդեն սկսած էր անուշ֊անուշ կատակի տալ զայն, կամաց մը մոտեցավ իրենց ու փսփսալեն ըսավ.

— Սո՛ւս եղեք, մեկ մարդ սաղմոսը պիտի պաշլայե...

Հայրապետ աղա չլսելու զարկավ, իսկ իրենք ժպտուն սպասեցին անոր անթիքա «Գա՛ցեք, տեսեք, ո՞վ է կերել զեծ, գացինք տեսանք գելն է կերել զեծին»։ Բայց ո՛չ այծը, ո՛չ ալ գայլը մեջտեղ ելան։ Հայրապետ աղա գլուխը դարձուց, բոլորակի ակնարկ մը նետեց, ժպտեցավ ու հազաց, հաստ շրթները բացավ ու ի մեծ զարմացում բոլորին, իր խռպոտ, խոշոր ձայնովը գոռաց,— Տե՛ր, կե՛ցո դու զհայս։

— Մաֆ եղանք,— ըսավ Արշավիր,— ամա շիտտակը կուզեք նե թա՛մ վախետն էր, զավալլը քեչիին ղույրուխը պիլե գայլը կերած լմնցուցած էր ալ...

Ընդհանուր խնդուքին մեջ մոռցան այդ ճանապարը հանդիմանել, որ մռմռալեն դուրս ելավ, չմոռնալով ավելցնել.

— Էռեջ կենե բան մը կհասկնայինք կո՜, գալը օտալարի Թուրֆանտա ապլային քեչիին պույնուզները կխածներ, աս երգեն բան մը հասկցանե՝ արապ ըլլամ...

Ի՜նչ տաքարյուն, ի՜նչ անուշ տղա էր բայց այդ հանած-վարած Արշավիրը։ Ամբողջ օրը տունը կենար իր կարոտը չէր կրնար առնել։ Իսկելեեն, Յալըեն, Փոս-Աղբյուրեն քաղքին ուրախությունն ու աղմուկը տապաններուն կապած ներս կբերեր ու ներս մտածին պես տունը կշեննար։ Որո՞ւն չէր դպեր որ՝ իր ստահակ, իր զվարթ հեգնությամբը։ Միայն Սիրանուշն ու ինք էին, որ երբեմն քիչ մը կվշտանային։ Մայրը վարժված էր, իսկ հայրը պեխերուն մեջեն կխնդար, եթե նույ-