Jump to content

Էջ:White Varsenik.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նիսկ ինք ըլլար ալայի առարկան։ Այժմ մեծ մանչու հովերը կվայլեցներ արդեն։ Շաբաթ իրիկուն մը նավամատույցեն վազելով եկած էր, սեզե չվանե մը թարմ կարմրախայտերու խուրձ մը բռնած։ Չալրմով ներս մտած ու ըսած էր, լրջությամբ մը, որ մորը ջղերուն կդպեր.

— Աննիկ հանըմ, աս պարպունյաները ա՛ռ նայինք...

— Կե՛ցիր, քեզի «Աննիկ հանըմ» սորվեցնիմ,— ըսած էր մայրը բարձրանալով ու փորձելով ապտակել զայն,— հա՜յլազ է, հայլազ, մարդ ըլլալիք չունի որ...

Մայրը լրջությամբ չէր ըսեր անշուշտ ատիկա, քանի որ հետզհետե շնորհքով, լուրջ ու շատ համակրելի տղա մը կըլլար։ Ու ի՛նչ որ հուզեր զինքը, կատակի ձևին տակ, անոր ցույց տված սրտառուչ գորովն էր դեպի ծնողքը։ Շուրջ երկու տարիե ի վեր՝ լրջորեն աշխատիլ սկսած ըլլալով դյուրությամբ դասարանին մեջ առաջնություն շահած էր ու նախանձախնդրությամբ կպահեր տեղը։ Քանի կմեծնար, այնքան ոտքը կկտրեր փողոցեն՝ առանց հրաժարվելու սակայն իր քիչ մը բիրտ շարժուձևերեն։ Վարսենիկ կզգար, որ եթե ուզե, շատ բնականորեն, կրնա ճիշտ իր ուզածին պես բարեկիրթ տղա մը ըլլալ, բայց հայտնապես չէր ուզեր: Ամե՛նեն փոքր մանրամասնություններուն, է՛ն չնչին առտնին դեպքերուն մեջ, կպահեր իր բիրտ անկախությունը, նո՛յնիսկ շուրջինները վշտացնելու գնով։ Այդպես է, որ կշարունակեր հեռուեն զինքը կանչել՝ քաղքի հայերենին հատուկ քիչ մը խոպան շեշտով,— քա՜, Վարսենիկ։— Ո՛չ վշտանալը, ո՛չ նեղանալը, ո՛չ հանդիմանելը բանի մը կծառայեր։ Ու գուցե, ատոր համար ալ, կսիրեին զինքը։

Երբ ավելի փոքր էր, բո՛լորը կմտահոգվեին անոր ապագայով։ Այդ սանձարձակ ու ապստամբ մանկությունը լավ ոչինչ կխոստանար։ Բայց ժամանակը արդեն կհամոզեր զիրենք, որ սխալած էին։ Երկար ատեն զայն անզգա կարծած էին, բայց բազմաթիվ դեպքեր, ուր ան ցույց կուտար խորունկ ջերմին գորովի զգացում մը, ցույց կուտային իր մոտ զգայուն սիրտ մը, որ հայտնելն կամընչնա։

Շաբաթ իրիկուն մը Վարսենիկ զայն գտած էր պարտեզը՝ զբաղած իր հին գանձանակը կոտրելով։ Վարանելով հարցուցած էր, թե ինչո՞ւ կկոտրե ու ի՞նչ պիտի ընե դրամը։