Jump to content

Էջ:White Varsenik.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հեգնությամբ խնդացած էր ու ակռաներուն մեջեն շնչալով ըսած.

— Կնայիմ քի պոշ տեղը՝ հայրիկը քեզ Ստամպոլ կղրկե կո՜, «դրամը ի՞նչ պիտի ընես, Արշա՜վիր»— ծաղրեց նմանցնելով քրոջը ձայնը,— փարան ի՞նչ կընին քա՜, կխարճին...

— Գի՛տեմ որ կծախսեն կամ կպահեն,— ըսավ ինք՝ ցույց տալով, թե չէ վշտացած ու մոտենալով,— բայց ինչպե՞ս պիտի ծախսես...

— Մարդու պես, իշու պես չըպիաի խարնիմ յա՜...

Հակառակ իր կամքին՝ չկրցավ ջղայնությունը զսպել ու գոչեց.

— Էն առաջ աղեկ կընես մարդու պես խոսելով, քեզի՛ մեկ հատ անուշ խոսք ըսողը՛ տասը անգամ կզղջա։ Կո՛րսվե, գնա ինչպես կուզես գնե, ինչ կուզես գնե...

— Մեծ քույրիկին ջիզերը նորեն ոտք ելած ին։ Էս աջ մտքես կըսեի քի՝ գանձանակը կոտրիմ տե, Վարսենիկին ղութի մը փուտրա գնիմ...

Բարկացած ձեռքը բարձրացուց ու շառաչուն ապտակ մը իջեցուց, զարկավ ու զղջաց։

— Տասներկուք,— ըսավ Արշավիր առանց ժպիտը կորսընցնելու,— գալեդ պերի թամամ տուզինա մը եղավ, մեծ քույրիկ...

— Դեռ ուրիշներ ալ կան,— ըսավ ինք,— եթե շարունակես լկրտած-լկրտած խոսիլ,— ու հեռացավ,— ալ երեսիդ խնդալու չէ...

Սիրտը ցավեցավ սակայն ու որոշեց այլևս ձեռք չբարձրացնել վրան։ Չարաճճին այնպես անուշ «մեծ քույրիկ» մը կըսեր, որ մարդ թուշերը համբուրելով խածնել կուզեր: Բանի մը ժամ հետո՝ պատրաստ էր ներել, երբ Արշավիր երևաց պարտեզին դրան մեջ։ Սարփինային տակ հայրը օղի կխմեր, իսկ ինք նոր լույս տեսած գիրք մը կկարդար։ Լրջությամբ մոտեցավ, բարի երեկո ըսավ ու առանց հորը նայելու ցույց տվավ գոց բռունցքը։ Գուցե ինք զգաց, որ նոր ստահակություն մըն է, բայց չկրցավ չժպտիլ, այնքան կսիրեր զայն։

— Վա՛րսենիկ, ափիս մեջը ի՜նչ կա նե՝ գիտցիր նայիմ...

— Աչքես ելար,— ըսավ ինք,— անդին կորսվե...

Ժպտուն դուռը բացավ, ցույց տալով ափ մը կիրի փոշի.