նելու համար։Քույրերը դիմացը նստեցուց, թևերը սոթտեց ու սկսավ թիավարել։ Ծովի հովը կխաղար վարսերուն հետ ու զանոնք ճակտին վրա կնետեր։ Շեն ու արու դեմքը ողողված էր քրտինքով, բայց կհամառեր թի ակները պահել: Հին ու տխուր քարափին քովեն անցած ատեննին մեծ ու խոլ ալիք մը եկավ ու մակույկը խաղալիքի մը պես բարձրացուց։ Ո՛չ միայն պաղարյունությունը չկորսնցուց, այլ նաև խնդալով բացականչեց.
— Վա՛րսենիկ, ամմա տա տալղա էր հա՜, կյոմրուկին տակը «Տեր֊ ողորմյա» կերգե, «աման-Աստված» կկանչե կո՛...
Իրոք քարափին խուլ, տխուր, սև սյուներուն տակ ալիքները ուռեցան, թավալեցան, չարաշուք ձայներ հանեցին, վերադարձան ու գոռացին՝ վո-ու֊վո-ո՜ւ։ Մինչդեռ բացը խաղաղ, միապաղաղ, ծավի ծով մը կար։ Երկինքը ևս խաղաղ էր ու հորիզոնին կողմը բաց-կաթնագույն ամպի պատառներ զվարթորեն կխաղային կարծես ջրերուն հետ։
— Վա՛րսենիկ, դիմացը չնա՜յիս, մեղավոր փաթեռաները կլե կաթոլիկ մարապետները բուրդ կգզին կո՜...
Վերադարձը ևս հաճելի էր, նավուն հետ ճամփա ելան, միայն թե հակառակ ուղղությամբ։ Վարսենիկ ինքզինքը այնքան թեթև ու երջանիկ կզգար, որ քիչ մնաց գրկեր ու համբուրեր եղբայրը։ Փափկությամբ մաղերը ճակտեն հեռացուց ու թևը նետեց անոր ուսին, իսկ Արշավիր գլուխը բարձրացուց, չարաճճիությամբ ժպտեցավ քրոջը երեսն ի վեր ու ըսավ.
— Մյուսյու Երվանդը ըսավ քի «երկուշաբթի էկո, քեզի Սուրբ Գեորգինին պես թևավոր ձի մը տամ, թռցո՛ւ» ըսավ, կուզես նե, քեզ ալ կպտտցնիմ...
— Ո՛չ,— ըսավ ինք՝ անորոշ կերպով կասկածելով, թե այդ շուն տղան հետին միտք մը ունի,— ձին եթե մերը ըլլար ուրիշ...
— Խոսք է կըսես իշտե,— ըսավ նեղանալ կեղծելով։
Ատենե մը ի վեր ինքիրենը բարեկամացած էր Երվանդին հետ, որ ինք չէր գիտեր ինչո՞ւ, երես կուտար, հետը արտ ու հարման կտաներ։ Տան մեջ բոլորը գոհ էին ադկե, հայրը նույնիսկ օր մը անոր ուսը ծեծելով ըսած էր.