Jump to content

Էջ:White Varsenik.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— ժա՛նը, Ժա՛նը, Վա՛րսենիկ։

Իրեն թվեցավ, թե Հելենի զմայլելի մարմինը, նուրբ մարմինը մեկեն մեկնեցավ ու թռավ։ Թևին վրա կզգար գրեթե անոր կուրծքերուն հևքը, բայց կարծես Հելենի ողջ անձը կվազեր, կսլանար արդեն։ Իրապես շնորհալի երիտասարդ մը մոտեցավ իրենց ու գարնանային լույսին մեջ ան այնքան գեղեցիկ էր, որ ինք աչքերը գետին կախեց։ — Ահա՛ վասիկ Վարսենիկը,— ըսավ Հելեն,— բայց եթե շատ նայիս իրեն՝ կնախանձիմ, գիտցած ըլլաս, որովհետև ինձմե գեղեցիկ է...

Ժան խնդաց, իսկ ինք հուզում են դողաց, շառագունեցավ՝ զգալով դեմքին վրա անոր կապույտ հայացքը։ Դողալեն իրեն երկարված ձեռքը սեղմեց ու բառ մ իսկ չկրցավ արտասանել, այնքան մեծ էր շփոթությունը։ Ու անտարակույս ձախավերություն մը պիտի ըներ, եթե անակնկալ, բացարձակապես չնախատեսված բան մը չպատահեր։ Հազիվ ժանի բարակ ձեռքը սեղմած էր, երբ քիչ մը հեռուն նշմարեց մորաքրոջը տղան՝ Վահանը, որ մեկուն հետ կխոսեր։ Կարծես մեծ վտանգե մը ազատեցավ, հապճեպով ներողություն խնդրեց քանի մը վայրկյանի համար ու հեռացավ։ Ու գրեթե ուրախացավ Վահանի հետ տեսնելով Երվանդը։ Զարմանալով այդ զգացած ուրախութենեն, ետև դառնալու և կրկին Ժանը նայելու ուժգին ցանկություն մը մարմնին մեջ, դողահար ու երջանիկ նույն ատեն՝ մոտեցավ ու ցած ձայնով բարևեց զայն, ձեռքը երկարեց ու ժպտեցավ.

— Մենք ալ քեղ կփնտրեինք,— ըսավ Վահան պարզությամբ, — Երվանդին ըսի, որ այս կողմերը կըլլաս, ջանջանություն ընելե մինչև հոս երկնցանք...

Նայվածքը բարձրացուց ու դիտեց գողունի ակնարկով մը Երվանդի դեմքը ու անորոշ անհանգստություն մը, երկյուղ մը զգաց։ Նո՛ւյն բիրտ դեմքին վրա նո՛ւյն հայացքն էր, որ կհիշեցներ Գող-Տոնիկի շիլ, հանդուգն ակնարկը։ Աչքերը գրեթե կանաչ էին, շատ պաղ ու անախորժ ու ի՛նչ որ անտանելի Էր՝ այդ վերին շրթունքն էր, որ կմխրճեր կարծես վարինին մեջ:Քիչ մը գունատ էր ու կարծես տխուր։ Ու իրեն թվեցավ թե՝ կրնա առանց բառ մը արտասանելու հեռանալ, այնքան գոցե էր դեմքը: